ՀՊՏՀ-ն կանդամակցի Եվրասիական ցանցային համալսարանին
Հունիսի 21-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական ընկերակցության ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանի (Университет при Межпарламентской Ассамблее ЕВРАЗЭС) պատվիրակությանը՝ միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Բախտերին և նույն համալսարանի բիզնես հաղորդակցությունների ֆակուլտետի դեկան Նատալյա Կիրսանովային։ Հանդիպմանը, որին ներկա էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, քննարկվել են Եվրասիական ցանցային համալսարանի (ԵՑՀ) ստեղծման և ՀՊՏՀ-ի անդամակցության հարցերը։
Եվրասիական ցանցային համալսարան ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր դեռևս ս.թ. մայիսի 25-ին Բիշքեքում՝ ԵԱՏՄ երկրների առաջատար բուհերի կողմից՝ եվրասիական ինտեգրման զարգացման նոր ուղղությունների իրականացման շրջանակներում։ Հուշագիրն ամրագրում է հետևյալ նպատակադրումները՝ ԵԱՏՄ մարդկային և մտավոր կապիտալի զարգացում, նպաստում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների գլոբալ մրցունակությանը և երկարաժամկետ բարգավաճմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար պայմանների ստեղծում:
Ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ ՀՊՏՀ-ի համար ԵՑՀ-ին անդամակցումը ռազմավարական նշանակություն ունի, և Տնտեսագիտական համալսարանը բաց է համագործակցելու՝ ակադեմիական շարժունության ապահովման, համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին հյուրերը Դիանա Գալոյանին, Թաթուլ Մկրտչյանին և Դավիթ Հախվերդյանին պարգևատրել են հուշամեդալով։
Աննա Բախտերն ու Նատալյա Կիրսանովան գործնական քննարկումներ են ունեցել նաև ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնում, ինչպես նաև ոլորտային քննարկումներ՝ մարքեթինգի և կառավարման ամբիոններում։
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսին Թաթուլ Մկրտչյանը և Դավիթ Հախվերդյանը ՌԴ Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի ընթացքում ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանում ստորագրել էին համագործակցության հուշագիր, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ամրագրել նոր անելիքներ ու ծրագրեր։