ԵՄ «Էրազմուս+». վերապատրաստվել են մեր դասախոսները

Դիտումների քանակ՝ 1554

ԵՄ «Էրազմուս+» ծրագրով մեր համալսարանի դասախոսների այցելությունները գործընկեր համալսարաններ շարունակվում են և արտերկրի առաջատար համալսարանների հետ համագործակցության նորանոր և արդյունավետ օրինակներ արձանագրում:

Եվ ահա, հերթական այցելությունը Էդինբուրգի Նափիեր համալսարան (Մեծ Բրիտանիա): Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյանը՝ հունիսի 17-21-ը, ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Անուշ Գասպարյանը, ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վանինե Երանոսյանը՝ հունիսի 1-7-ը նշված համալսարանում մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Նրանց այցը համակարգել է Նափիեր համալսարանի կիրառական, սոցիալական գիտությունների ֆակուլտետի դոկտոր Կիրիլ Շարապովը:

Անուշ Գասպարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ «Հետազոտության քանակական մեթոդներ SPSS ծրագրի միջոցով» դասընթացին մասնակցել է մեծ հետաքրքրությամբ և օգտակար գիտելիք քաղել, մասնավորապես՝ մոդելներ պատրաստել՝ ունենալով վերլուծության որոշակի տվյալներ՝ արտադրական, ֆինանսական, առևտրային:

Մեր պատվիրակը հանդիպել է Նափիեր համալսարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար, դոկտոր Ֆիոնա Սթեյնսբիին, փորձի փոխանակում և արդյունավետ քննարկում ունեցել ասպիրանտուրայի համալրման և գիտական աշխատանքի մեթոդաբանության վերաբերյալ:

Վանինե Երանոսյանը մասնակցել է «Որակական ուսումնասիրությունների չափման մեթոդները» (NVIVO ծրագրով) թեմայով վերապատրաստման և ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ դասերը բացառապես գործնական ձևաչափով են անցկացվել, մասնակիցները, համապատասխան փորձագետների օգնությամբ, իրականացրել են որակական վերլուծություն, ապա համատեղ քննարկել արդյունքները: Յուրացրած մեթոդը Վանինե Երանոսյանը կիրառելու է ՀՊՏՀ-ում իր մասնակցությամբ իրականացվող հետազոտական ծրագրում, նաև առաջիկայում իրենց ամբիոնի դասախոսների հետ քննարկելու է վերապատրաստման արդյունքները, NVIVO ծրագրով գիտական հետազոտություններ կատարելու մեթոդը: Համագործակցությունը շարունակելու նպատակով Վանինեն Նափիերի փորձագետին խնդրել է անհրաժեշտության դեպքում առցանց դաս վարել ՀՊՏՀ դասախոսների համար՝ որակական ուսումնասիրությունների չափման մեթոդների շուրջ:

Անահիտ Մելքումյանը, մեզ ներկայացնելով իր այցի արդյունքները, ասաց, որ վերապատրաստումը եղել է ուսուցման նոր տեխնոլոգիաների շուրջ և բանախոս-մասնագետները անդրադարձել են դասապրոցեսում նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունավետ եղանակներին, հաջորդիվ խոսել են գիտական հանդեսներում հոդվածներ հրապարակելու առանցքային հարցերի մասին:

«Ինձ համար ուշագրավ էին ուսուցման գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման եղանակները, որոնք կարող են օգտակար լինել նաև մեր համալսարանում, քանի որ դրանք իրենց հերթին աշխուժացնում են դասախոս-ուսանող համագործակցությունը, հետադարձ կապի, առցանց քննարկումների լրացուցիչ հնարավորություն ընձեռում»,-ընդգծեց Անահիտ Մելքումյանը:

ՀՊՏՀ պրոֆեսորը նույնպես ջանացել է Նափիեր համալսարանի հետ համագործակցությունը խորացնել, պայմանավորվածություններ է ձեռք բերել միջբուհական և միջամբիոնային համատեղ անելիքների շուրջ:

Մեր ներկայացուցիչները գործընկերային կապեր են հիմնել նաև այլ երկրների ուսումնական հաստատություններից ժամանած դասախոսների հետ:

Նշենք, ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Ծրագրի մասին ավելին կարող եք իմանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի ներքո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին