Հանրապետական մարզական խաղերում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանող-մարզիկները պարգևատրվել են

Դիտումների քանակ՝ 1268

Հունիսի 21-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի կազմակերպած ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական 20-րդ խաղերի գարնանային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների պարգևատրումը: Ներկա են եղել նշված նախարարության, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, մարզասերներ:

Գարնանային փուլում անցկացվել են 8 առաջնություններ 6 մարզաձևերից՝ սեղանի թենիս, հրաձգություն, ուժային եռամարտ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, մասնակցել են 24 բուհեր:

Միջոցառմանը ողջույնի խոսք է ասել ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ և գլխավոր քարտուղար, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնկատար Հովհաննես Գաբրիելյանը: Ելույթում նա շնորհավորել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25-րդ տարին և անդրադարձել համալսարանական սպորտի զարգացման հարցերին, կարևոր համարել միջազգային մարզական ֆեդերացիայի և Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի (EUSA) հետ համագործակցությունները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հովհաննես Գաբրիելյանը բարձր գնահատեց խաղերին ՀՊՏՀ մարզիկների մասնակցությունը և հիշեցրեց՝ մրցանակային տեղեր ենք զբաղեցրել հրաձգություն, ուժային եռամարտ, վոլեյբոլ (տղաներ, աղջիկներ), ֆուտզալ մարզաձևերից: Նրա խոսքով՝ նույն ակտիվությամբ մարզիկները պատրաստվում են աշնանային փուլին, որում կայանալու են ատլետիկայի, դրագոնբոութի, պարանի ձգման, լողի, ձյուդոյի, աղջիկների ֆուտզալի, ձեռքի գնդակի, բազկամարտի առաջնություններ:

Հաղթողներին գավաթ, մեդալներ, պատվոգրեր և նվերներ են հանձնել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Հովհաննես Գաբրիելյանը և մարզական այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հավելենք, որ ՀՊՏՀ ղեկավարությունը ևս կարևորում է համալսարանական սպորտի զարգացումը և աջակցում է խոստումնալից մարզիկներին: Օրեր առաջ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հանդիպել էր մեր համալսարանի լավագույն ուսանող-մարզիկներին, նրանց արժանացրել խրախուսական պարգևների:

Կրկին շնորհավորում ենք:

Լուսանկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին