Հանուն երեխաների առողջության. ՀՊՏՀ-ում կայացավ արյունատվության երկրորդ ակցիան, որին միացավ նաև բուհի ղեկավարը

Դիտումների քանակ՝ 2144

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ պրոֆեսոր Ռ. Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարած դոնորագրման նախաձեռնության շրջանակներում հայտարարված արյունատվության երկրորդ ակցիան, որին մասնակցեցին ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները: Այսօրվա նախաձեռնությանը միացավ նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում տեղակայված նախկին բուժկետում, ինչպես նախորդ անգամ, հավաքվել էին արյունաբանական կենտրոնի աշխատակիցները՝ արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ:

Մինչ ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները մասնակցում էին նախաձեռնությանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հետաքրքրվելով նախորդ արյունատվության արդյունքներով: Կենտրոնի փոխտնօրենը ուրախալի լուր հայտնեց՝ նշելով, որ մայիսի 3-ին կայացած արյունատվության ակցիայի ժամանակ հավաքագրված արյունը համապատասխանել է պահանջվող չափանիշներին և կծառայի իր նպատակին: «Նախորդ անգամ վերցված արյունը անցել է համապատասխան հետազոտություններ, որոշվել է կարգը, և այսօր մենք այդ արդյունքները բերել ենք՝ հանձնելու նախորդ ակցիայի մասնակիցներին: Թերապևտիկ զննումը և հարցազրույցը լիարժեք էին, ստացված արդյունքները գոհացնող էին»,- ասաց Մարգարիտա Հակոբյանը՝ հիշեցնելով, որ արյունաբանական կենտրոնի սույն նախաձեռնությունը միտված է մանկական ուռուցքային հիվանդությունների բուժմանը:

Այս մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին