Ուսանողական մարզական խաղերը մոտենում են ավարտին. ՀՊՏՀ-ն աչքի է ընկել հաջողություններով

08.05.2019
Դիտումների քանակ՝ 1377

Ավարտին է մոտենում ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական 20-րդ խաղերի գարնանային փուլը: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում, ամփոփելով ՀՊՏՀ ուսանող-մարզիկների արձանագրած արդյունքները, նշեց, որ նրանք խաղերի ամենաակտիվ մասնակիցներից են, ընդգրկված են բոլոր առաջնություններում:

«Նախ նշենք, որ այս տարին հայաստանյան ուսանողական սպորտի համար հոբելյանական է. լրանում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գործունեության 25-րդ տարին, ինչպես նաև հանրապետական մարզական խաղերն անցկացվում են արդեն 20-րդ անգամ: Այս առիթով միջոցառումներն այս տարի ավելի մասշտաբային են: Հանրապետական ուսանողական խաղերի շրջանակում 2019 թ. ընդգրկված են 18 առաջնություններ (աղջիկներ, տղաներ)՝ 15 մարզաձևերից, մասնակցում են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի շուրջ 30 բուհերի 2500 ուսանողներ»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

Այսպիսով, ներկայացնում ենք մինչ այժմ կայացած առաջնություններից ՀՊՏՀ-ականների զբաղեցրած մրցանակային տեղերը: Հրաձգության առաջնությունում ունենք անհատական և թիմային հաջողություն. ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Շանթ Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել, իսկ ՀՊՏՀ հրաձիգների թիմը (Շանթ Սարգսյան, ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսեցիներ Տիգրան Մքոյան, Տարոն Մարգարյան) զբաղեցրել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Ուժային եռամարտում մեր տղաները 3 մեդալ են նվաճել: Ֆինանսական ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Էդգար Բադալյանը 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, նույն ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ռուդոլֆ Վարդանյանը 60 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Վանիկ Փափախչյանը 52 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել (մրցանակակիրները՝ 3-րդ լուսանկարում):

Վոլեյբոլի առաջնությունում և' տղաների, և' աղջիկների թիմերը նվաճել են բրոնզե մեդալներ:

Առջևում ֆուտզալի առաջնությունն է, մայիսի 16-ին կայանալիք եզրափակիչ հանդիպմամբ 20-րդ խաղերի գարնանային մասը կամփոփվի: Հոբելյանական ուսանողական խաղերը կվերսկսվեն աշնանը, կեզրափակվեն դեկտեմբերին:

Հովհաննես Գաբրիելյանը վստահ է՝ առաջիկայում ՀՊՏՀ ֆուտզալի հաղթանակած թիմը փայլուն է հանդես գալու:

Լուսանկարներ՝ տարբեր առաջնություններից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին