ՀԱՊԿ խորհրդի խաղ-մոդել. մասնակցում էին միջազգայնագետ մագիստրանտները

Դիտումների քանակ՝ 3845

Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտության 1-ին կուրսի մի խումբ առկա ուսուցման մագիստրանտներ այսօր «Միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում, որի դասախոսն է միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը, կազմակերպել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի խաղ-մոդել, որի թեման էր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը (այդ պաշտոնից ազատված՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն): Մագիստրանտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր ՀԱՊԿ անդամ 6 երկրներից (Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) մեկի առաջին դեմքին, իսկ Հայաստանը ներկայացնում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Մեզ հետ զրույցում Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ արդիական այս հիմնախնդրին մագիստրանտները սիրով են արձագանքել և դասընթացի շրջանակում նրանց համակողմանիորեն ներկայացվել է կազմակերպության ինստիտուցիոնալ կառուցվածքը, վերջինիս կատարելագործման հնարավոր ուղղությունները: Առանձնակի կարևորվել են ՀԱՊԿ-ում ներկայումս տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ տեղի ունեցող բանակցությունները: Նիստը վարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վաչագան Ասատրյանը (Վալերի Սեմերիկով), որն իր խոսքն սկսկեց օրակարգի հրապարակումով, ապա փոխանցեց Տիգրան Հունանյանին (Զոհրաբ Մնացականյան), որի հաջորդեց Նելլի Պիպոյանի (Նիկոլ Փաշինյան) ծավալուն ելույթը, վերջինիս էլ՝ Մարտին Մովսեսյանի (Ալեքսանդր Լուկաշենկո) ոչ պակաս ընդարձակ արձագանքը: Մեր երկրի ներկայացուցիչները շեշտում էին, որ Հայաստանը դեռևս ունի մեկ տարի ժամանակ, և արդարացի կլինի, որ որպես գլխավոր քարտուղար պաշտոնավարի Հայաստանի ներկայացուցիչը, այլապես կխախտվի համեմատական արդարության սկզբունքը, ինչին հակափաստարկներ էին բերում Բելառուսի և Ղազախստանի նախագահները: Միջոցառմանը ներկա էր միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լուսինե Աղաջանյանը:

Ավարտին Ալբերտ Հայրապետյանն իր գոհունակությունը հայտնեց խաղ-մոդելի բանակցային գործընթացի վերաբերյալ՝ նշելով. «Հրաշալի անցավ, տպավորությունն այնպիսին էր, որ գործ ունենք ոչ թե ուսանողների, այլ իրավամբ պետության ղեկավարների և արհեստավարժ քաղաքական գործիչների հետ: Այնուհանդերձ, ինչպես և ակնկալվում էր, երկրների ղեկավարները չկարողացան կոնսենսուսի հասնել: Սակայն, ուրախալի է, որ նրանք կոնսենսուսի հասան մեկ այլ հարցում. մագիստրանտների միաձայն քվերակությամբ ՀԱՊԿ խորհրդի մոդելի լավագույն մասնակից ճանաչվեց Վաչագան Ասատրյանը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին