Դպրոցականների համար բացահայտվեց մարքեթինգի գրավչությունը. այցելություն ավագ դպրոց

Դիտումների քանակ՝ 2247

Ավագ դպրոցների հետ համագործակցության ծրագրի  շրջանակներում ՀՊՏՀ դեկանները, դեկանների տեղակալները, դասախոսները, աշխատակիցները  և ուսանողները պարբերաբար այցելում են մեր համալսարանի ֆակուլտետներին կցված դպրոցներ:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի նախաձեռնությամբ այսօր հերթական այցելությունն էր Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց (տնօրեն՝ Էլեոնորա Թումանյան): Մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի ղեկավարությամբ մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Քրիստինե Թունյանը, Մարիետա Բաղդասարյանը, Լուսինե Գրիգորյանը դպրոց էին ուղևորվել՝ պատմելու մեր բուհի, մարքեթինգ մասնագիտության մասին, ստեղծագործաբար, գրավիչ ու գունեղ (նվեր-անակնկալներով, ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի օրինակներով) ներկայանալու ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին:  Դպրոցի փոխտնօրեն Ն. Մարգարյանի ուղեկցությամբ դահլիճ էին եկել ոչ միայն տնտեսագիտական, այլև մյուս հոսքերի աշակերտները:

«Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է, որով պայմանավորված է հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը»,- իր խոսքը հասցեագրելով դպրոցականներին՝ ասաց Լիլիթ Դադայանը՝ հորդորելով նրանց ընտրել այնպիսի մասնագիտություն, որը լավագույնս է համապատասխանում սեփական հետաքրքրություններին:

Այնուհետև ուսանողուհիներն անմիջական շփման, խաղային եղանակով ունկնդիրներին ուղեկցեցին մարքեթինգային գաղտնիքների աշխարհ:

Դպրոցականները հրաժեշտի ծափողջույններով ճանապարհեցին հյուրերին, և, գուցե, շատերի համար այս հանդիպումը եղավ վճռորոշ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին