ՀՊՏՀ-ում էր DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենը. ընդլայնվող համագործակցություն

Դիտումների քանակ՝ 1163

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր ընդունեցին DAAD-ի  (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն)  տեղեկատվական  կենտրոնի  տնօրեն Սիլվիա Շմիդին: Հանդիպմանը մասնակցում էր նաև բուհի արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Ողջունելով հյուրին՝ Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարան այցելության համար, ապա  հույս հայտնեց, որ բուհի և DAAD-ի  համագործակցությունը շարունակական կլինի: Ռեկտորը նշեց, որ  ամեն տարի ծառայության ներկայացուցիչները հյուրընկալվում են  ՀՊՏՀ-ում, համագործակցությունն ընդլայնվում է:

Սիլվիա Շմիդը ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գտնվելու և այն համագործակցության համար, որ առկա է  DAAD-ի  և ՀՊՏՀ-ի միջև: DAAD-ի  տեղեկատվական  կենտրոնի  տնօրենի խոսքով՝ իրենց կազմակերպության կողմից հաջորդ տարի ՀՊՏՀ-ում կկազմակերպվի միջոցառում, որտեղ համալսարանականները կտեղեկանան գործող ծրագրերին:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը խոսեց հետազոտական ոլորտում համագործակցության մասին՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանը զգալի ներդրում է անում հետազոտություններում: Պրոռեկտորը հյուրին ներկայացրեց նաև  մեր բուհում արտասահմանցի ուսանողների ուսուցման մասին տեղեկություններ՝ շեշտելով, որ համագործակցությունը կարելի է խորացնել նաև այս ոլորտում Գերմանիայից ժամանած դասախոսների ներգրավմամբ: Առանձնահատուկ կարևորություն տրվեց մեր ուսանողների գերմաներենի ուսուցմանը:

Քննարկվեցին   համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին