ՀՊՏՀ ուսանողները շարունակում են բարեգործական-սոցիալական ակցիաները

Դիտումների քանակ՝ 974

2015 թվականի մեկնարկին զուգընթաց Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը վերսկսել է աշխատանքը՝ շարունակելով բարեգործական-սոցիալական ակցիաները: Մի խումբ ուսանողներ օրերս այցելել են Վանաձորի մանկատուն, իրենց ներկայությամբ գեղեցիկ ակնթարթներ պարգևել մանկատան սաներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ ուսանողների՝ մանկատուն այցելությունը շատ կարևոր էր, քանի որ մանկատան սաները բոլորից շատ ուշադրության կարիք ունեն:

«Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը կարևորում է նմանատիպ այցելությունները: Մեր նպատակն է այնպես անել, որ մանկատան երեխան իրեն հասարակության լիարժեք անդամ զգա, լինի ուշադրության կենտրոնում, գիտակցի, որ ինքն էլ է մեր երկրի ապագան: Սա այս տարվա առաջին այցն էր մանկատուն, նմանատիպ այցերը տարվա մեջ շարունակական կլինեն»,-ասաց Սերգեյ Խառատյանը:

Ինչպես տեղեկացնում են ուսխորհրդականները՝ իրենց այցը լի է եղել բազմաթիվ անակնկալներով. ուսանողները մանկատանն են  հանձնել բազմապիսի նվերներ, իսկ երեխաներին ուրախացրել են նախապես պատրաստված զվարճալի ծրագրով՝ երգով, պարով, հետաքրքիր խաղերով:  Մանկատան սաներն էլ իրենց հերթին ուսանողների համար են երգել, ասմունքել  ու պարել: Երեխաները շփվել են ուսանողների հետ, պատմել իրենց խնդիրների ու երազանքների մասին:

Նշենք, որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճախ է իրականացնում այցելություններ զորամասեր, մանկատներ, ծերանոցներ: ՈւԽ նախագահը մեզ հետ զրույցում  ընդգծեց, որ մանկատուն այցելությունը նմանօրինակ նախաձեռնություններից այս տարվա 2-րդն էր, առաջինն այցելություն էր հայաստանյան զորամասերից  մեկը, որը գլխավորել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին