ՀՊՏՀ ներկայացուցիչը Ռոստովում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 920

Հոկտեմբերի 10-11-ը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է Հարավ-ռուսական լոգիստիկայի ասոցիացիայի և Ռոստովի մարզի կառավարության սպառողական շուկայի դեպարտամենտի համատեղ կազմակերպած «Տնտեսության արդիականացման նորարարական  ներուժը. լոգիստիկայի և մարքեթինգի գործիքները» խորագրով  միջազգային գիտաժողովին (ֆորում): 

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գրիգոր Նազարյանը, ընդգծելով մասնակցության  կարևորությունը, նշեց, որ գիտաժողովի լայն շրջանակում առանձնանում էին տրանսպորտալոգիստիկայի հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն հատկապես ՀՀ-ի` որպես ծովային ելք չունեցող երկրի, տրանսպորտալոգիստիկ համալիրի   զարգացման և ռազմավարության մշակման համար: Մեր համալսարանի ներկայացուցիչը գիտաժողովում հանդես է եկել «Ծովային ելք չունեցող երկրների տրանսպորտալոգիստիկ համակարգի զարգացման առաջնայնությունները» գիտական զեկուցմամբ, որը նաև տպագրվել է «Տնտեսության արդիականացման նորարարական ներուժը. լոգիստիկայի և մարքեթինգի գործիքները»  ժողովածուում:   

«Ֆորումին մասնակցում եմ արդեն 2-րդ անգամ: Շատ կարևոր է շփումն ու փորձի փոխանակումը տարբեր երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա և այլն) առաջատար մասնագետների հետ: Իմ զեկուցման մեջ  մասնավորապես  անդրադարձել եմ  տրանսպորտալոգիստիկ համակարգում առկա  հիմնախնդիրներին: Հետազոտելով թեման`արձանագրել եմ, որ լոգիստիկայի արդյունավետության համաթվով ընտրված 155 երկրների շարքում ծովային ելք չունեցող երկրներից  լավագույն դիրքն ունի Բոսվանան, Հայաստանն այդ համաթվով 100-րդ տեղում է, Ռուսաստանը` 95 (համեմատության համար): Մեր երկրում խնդիր կա` այդ համաթվի բարելավման հետ կապված: Նշեմ, որ համաթիվը (ինդեքս) ներառում է 6 տարրեր`մաքսային ընթացակարգերի արդյունավետություն, առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքի որակ, մրցունակ գներով առաքումների կազմակերպման պարզություն, լոգիստիկ ծառայությունների հմտություններ և որակ, փոխադրվող բեռի  ընթացքին հետևելու և վերահսկելու հմտություններ»,- ասաց Գրիգոր Նազարյանը և հավելեց, որ գիտաժողովին մասնակցելուց հետո իր համար հետազոտության նոր թեմաներ են ի հայտ եկել, որոնք ինքը կներկայացնի հետագա գիտաժողովներում:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կյապերի բաժին