Մարքեթինգի ամբիոնը հանդես եկավ գիտական սեմինարով. բանախոս էին երիտասարդ գիտնականները

Դիտումների քանակ՝ 2647

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի երիտասարդ հետազոտողները, ամբիոնային գիտական սեմինարների շրջանակում, այսօր ներկայացրին իրենց հետազոտությունները՝ «Մարքեթինգային հիմնախնդիրները ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում» և

«Սփյուռքի մարքեթինգ. սոցիալական կապիտալի օգտագործման ուղեցույց» թեմաներով:

Սեմինարին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ասպիրանտներ, մագիստրանտներ:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը բացման խոսքում նշեց, որ ՀՊՏՀ ավանդական գիտական նստաշրջանում անցկացվող ամբիոնային սեմինարները հնարավորություն կտան տարբերակելու հետազոտական հմտություններ ունեցող դասախոսներին և խրախուսելու նրանց: Պրոռեկտորն ընդգծեց, որ իբրև տնտեսագիտական մտքի կենտրոն՝ ՀՊՏՀ-ն պետք է առաջարկություններ ներկայացնի կառավարությանը՝ տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ և, անշուշտ, այդ առաջարկությունները պետք է մշակվեն նաև այս սեմինարների արդյունքում:

Առաջին բանախոսը տ.գ.թ., մարքեթինգի ամբիոնի դասախոս Գրիշա Ամիրխանյանն էր, նրա զեկուցումը վերաբերում էր ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի մարքեթինգային խնդիրներին: Շեշտելով, որ հեռահաղորդակցությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, զեկուցողը ներկայացրեց ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող պետական քաղաքականությունը, ապա ցույց տվեց հեռահաղորդակցության հասույթի բաշխումն ըստ առանձին գործունեության ոլորտների, որում մեծ բաժինը պատկանում է բջջային կապին:

Անդրադարձ կատարվեց ՀՀ «Տեղեկատվության և կապի» ճյուղի և ՀՆԱ հավելաճի 2003-2015 թթ. աճի տեմպերին, 3 առաջատար օպերատորների («ՎիվաՍելլ», «Բիլայն», «Յուքոմ») ծառայություններից 1 ակտիվ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական հասույթին և 1 բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական տրաֆիկի 2011-2016 թթ. փոփոխություններին:

Վերհանելով մարքեթինգային հիմնախնդիրները, որոնց բախվում են հեռահաղորդակցային օպերատորները, բանախոսն ուշագրավ դիտարկում արեց. բջջային կապն իր դիրքը զիջում է այսպես կոչված OTT հավելվածներին (Viber, Skype, WhatsApp և այլն), որոնք պահանջում են միայն ինտերնետ և զանգեր են  ապահովում դեպի գրեթե բոլոր երկրներ: Հետազոտողի կատարած հարցումների արդյունքով՝ ՀՀ բնակչության ավելի քան 70 %-ն ունի ինտերնետ կապ, իսկ 54%-ն օգտվում է OTT հավելվածներից:

Հաջորդ զեկուցողն ասպիրանտ Հայկազ Ֆանյանն էր, նրա հետազոտությունն առնչվում էր Սփյուռքի մարքեթինգին, սոցիալական կապիտալի օգտագործման ուղիներին: Հետազոտությունը նկարագրողական էր, և առաջարկություններ չէր ներկայացնում: Ընդգծենք, որ սա ասպիրանտի թեկնածուական ատենախոսության թեման չէ, պարզապես նրա հետաքրքրության կենտրոնում է:

Միջազգային հաջող փորձը ներկայացնելով՝ բանախոսը ցույց տվեց, թե ինչպես կարելի է Սփյուռքի սոցիալական կապիտալը ծառայեցնել տնտեսության զարգացմանը: Խոսվեց Հայկական սփյուռքի առանձնահատկությունների մասին, գնահատվեց ներուժը, պարզաբանվեց Սփյուռքի մարքեթինգ հասկացության էությունը:

Զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին:

«Սեմինարներում ներկայացնում ենք մեր ամբիոնի երիտասարդ գիտնականների հետազոտությունները, և դա նպատակ ունի շահամիտել մագիստրանտներին՝ ասպիրանտական կրթություն ստանալու, գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու: Այսինքն, երիտասարդների օրինակով փորձում ենք խանդավառություն առաջացնել ուսանողների մոտ: Ի դեպ, Հայկազ Ֆանյանը նոր է վերադարձել արտերկրից (մեկնել էր «Էրազմուս+» ծրագրով), բացի իր ատենախոսության թեմայից, հետաքրքրվում է Սփյուռքի մարքեթինգով և ուշագրավ հետազոտություն է կատարել: Փորձում ենք զարգացնել ամբիոնի գիտահետազոտական ներուժը և ուրախությամբ կարելի է ասել՝ ունենք խոստումնալից երիտասարդներ»,-մեզ հետ զրույցում սեմինարն ամփոփեց պրոֆեսոր Արարատ Զաքարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնությա հետ կապերի բաժին