ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը

Դիտումների քանակ՝ 2176

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին այսօր մեր համալսարանում էր: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանի, դեկանների, ամբիոնի վարիչների, դասախոսների, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի, բուհի  տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների և ուսանողների   մասնակցությամբ հանդիպմանը ՉԺՀ դեսպանը  ներկայացրեց «Չինաստանի տնտեսությունը և հայ-չինական տնտեսական համագործակցությունը» թեմայով զեկուցում: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՊՏՀ  արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին մեր բուհում հյուրընկալվելու համար: Ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն չափազանց կարևորում է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցչությունների հետ սերտ համագործակցությունը՝ ռեկտորը նշեց, որ դրա վկայությունը համալսարանում նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպումն է:

«Համաշխարհային տնտեսական միտումների, զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ քննարկումները գործընկեր երկրների հետ մեզ՝ ոլորտի մասնագետներիս, հնարավորություն են ընձեռում ծանոթանալու վերջին նորություններին, քննարկելու համագործակցության հեռանկարները թե՛ կրթական, թե՛ հետազոտական և թե՛ այլ ուղղություններով»,-ասաց ռեկտորը, ապա անդրադարձավ ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեությանը` շեշտադրելով ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի գործունեությունը, այնտեղ իրականացվող հետազոտական ուղղությունները, որոնց թվում` աշխարհի ուղեղային կենտրոնների գործունեությանը նվիրված հետազոտությունները: Ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթացեք այստեղ:

Թիան Էրլունին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, նշելով, որ մեծ պատիվ է ՀՊՏՀ-ում գտնվելը: Սկսելով զեկուցումը՝ դեսպանը կանգ առավ Չինաստանի տնտեսության պատմության վրա. պատմական համառոտ ակնարկում տնտեսության զարգացումը բաժանեց մի քանի փուլերի, ինչպես օրինակ՝ պլանային (1949-1978), գյուղատնտեսական և արդյունաբերական, բարեփոխումների և բացության փուլ, վերլուծեց յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունները: Ցույց տալով, թե Չինաստանի տնտեսությունը որտեղից է գալիս, դեսպանը անցում կատարեց ներկա տնտեսական վիճակին: Չինաստանը դիտարկվեց աշխարհի խոշոր տնտեսական երկրների շարքում, ներկայացվեցին թարմ տնտեսական ցուցանիշներ: Դեսպանի խոսքով, չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը, մարտահրավերներին և ռիսկերին,  Չինաստանում տնտեսական իրավիճակը կայուն է: Հայ-չինական տնտեսական հարաբերություններին անդրադառնալով՝ ՉԺՀ դեսպանը ընդգծեց, որ Չինաստանը, Ռուսաստանից հետո, Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային  գործընկերն է: Տնտեսական փոխգործակցությունն ընդլայնվում է մի շարք միջկառավարական համաձայնագրերով և  փաստաթղթերով, առաջիկա տարիներին առաջխաղացում կարձանագրվի տուրիզմի, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում:

Զեկուցման ավարտից հետո Թիան Էրլունին պատասխանեց ներկաների հարցերին: Գլոբալ տնտեսական մարտահրավերների, համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ հարցադրումներ ներկայացրեցին Սամվել Ավետիսյանը, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը և ուրիշներ: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ մակարդակի վրա է հայ-չինական մշակութային գործակցությունը: Ի պատասխան՝ դեսպանը նշեց, որ երկու երկրների  մշակութային  երկխոսությունն իրականացվում է բազմաբնույթ միջոցառումներով, ինչպես նաև բուհերի համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ավարտին դեսպանը համոզմունք հայտնեց, որ  դահլիճում ներկա ուսանողները վաղը իրենց դերը կունենան Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հույս հայտնեց, որ հանդիպումը սկիզբ կդառնա նոր համագործակցության: Հանդիպումից հետո ռեկտորն իր աշխատասենյակում դեսպանի հետ քննարկեց համատեղ հետազոտությունների, կրթական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին