Գիտական խորհրդի ընդլայնված նիստում հավանություն տրվեց ՀՊՏՀ 2018թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը

Դիտումների քանակ՝ 1651

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ: ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց օրակարգի միակ հարցը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2018թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին», որը զեկուցեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
«2018 թվականին հիմնականում հաջողվեց լուծել Հայաստանի պե­տա­­կան տնտե­սա­գի­տա­կան համալ­սա­րանի՝ 2016-2020 թթ. զար­գացման ռազմավա­րա­կան ծրա­գրի 2018 թվականի հա­մար նա­­խատեսված խնդիրների զգալի մասը»,- զեկուցումն այսպես սկսեց Կորյուն Աթոյանը և որպես շոշափելի ձեռքբերումներ՝ ներկայացրեց հետևյալը.
2018 թվականին ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը մասնակցել է «Կրթա­կան բաց տեղեկատվության և կիրառական հետազո­տու­թյան կառավարու­մը և բուհերի կարողություն­նե­րի հզո­րացումը Մոլդովա­յում և Հայաստա­նում» Erasmus+ ծրագրի մշակ­մա­նը, որն արժանացել է ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակու­թա­յին գոր­ծա­դիր գործակալության» հավանու­թյա­նը: Այդ ծրագրի մեկ­նար­կը կտրվի 2019 թ. հունվարից: Կոնսորցիումի ան­դամ են 7 երկիր (Մոլդովա, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Սլո­վե­նիա, Բել­գիա) ներկա­յաց­նող 16 կրթական հաստատություն:
Շարունակվում է միաժամանակ երեք բուհի (այդ թվում՝ արտասահման­յան) դիպ­­լոմ ստանալու հնարավորություն տվող մագիստրոսական կրթա­կան ծրագիրը։ Այժմ 11 ուսանող ուսումնառում է Վալենսիայի պոլիտեխ­նի­կա­կան համալսարանում և ուսումնառության ավարտին կպաշտպանի մա­գիստ­րոսական թեզ։
Շարունակվել են ու­սում­նական գործ­ընթացներում տե­ղեկա­տվա­կան տեխ­նո­լո­գիաների ներ­դրման աշխատանք­ները։
Ամբողջությամբ իրականացվել են կրթության որա­կի ներքին համակարգի ներդրմանն ուղղված՝ 2018 թ. համար նախա­տեսված միջոցառումները։
Ակտիվացել է ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակից­նե­րի շարժունությունը։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վար­չա­­պե­տի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՊՏՀ «Ամ­բերդ» հետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագոր­ծակ­ցության հուշագիր՝ հինգ տարի ժամկետով, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստա­նի հանրային քաղա­քա­­կանության բնագավառում ուղեղային կենտ­­րոնների ներգրավ­ման առու­մով։
Շարունակվել են ուսումնական և գիտական գործունեության համար անհրա­­­ժեշտ նյութա­տեխ­նիկական հենքի բարելավման աշխատանքները,
Ընդլայնվել են ուսանողներին և դասախոսներին սոցիալական աջակ­ցու­թյան ծրագրերը:
Այնուհետև, ըստ գործունեության ուղղությունների, Կորյուն Աթոյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքներն՝ ընդգծելով խոշոր ձեռքբերումները, մատնանշելով խնդիրները: Եվ այսպես, ռեկտորն անդրադարձ կատարեց ուսումնական գործունեությանը՝ առանձնացնելով ebuh.am ամբողջական ավտոմատացված ծրագրային փաթեթի ներդրման գործընթացը, որը կմեկնարկի 2019 թ. հունվարից. համակարգ են մուտքագրվել գործող բոլոր կրթական ծրագրերի ուսումնական պլանները, ուսանողներին վերաբերող հիմնական տվյալները: 2018 թ. մեր համալսարան է ընդունվել և հրամանագրվել 1034 ուսանող, ուսանողների ընդունելության պլանը չի կատարվել. այս պահին համալսարանի ուսանողների թիվը 6007 է: Ծավալուն աշխատանքներ են իրականացվել ուսումնամեթոդական աշխատանքների ուղղությամբ՝ հրատարակվել է «Ուսանողի ուղեցույցը», իրականացվել է 6 մասնագիտությունների կրթական ծրագրերի իրագործման վերահսկողություն, ստեղծվել է այդ ծրագրերի մշակմանը գործատուների ներգրավման և շահամիտման կառուցակարգ, դասավանդման և գնահատման մեթոդների համապատասխանեցման հարցում մեծ օժանդակություն կլինի ուսման Moodle համակարգի կիրառումը, ընդարձակ աշխատանքներ են իրականացվել կրթության որակի ապահովման ուղղությամբ՝ միտված կրթության որակի մշտական բարելավմանը և գերակա նպատակների իրագործմանը: Գիտահետազոտական գործունեության շարքում նշվեց՝ շարունակվել է ամբիոնային 75 թեմայով գիտահետազոտական աշխատանքների, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի 6 դրամաշնորհային, 4 գիտաուսումնական լաբորատորիաների թեմաների և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 3 գիտական ուղղություններով ծրագրերի իրականացումը: Միջազգային գործունեության շարքում Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ համալսարանում ակադեմիական շարժունությունն իրականացվել է հիմնականում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում ՀՊՏՀ-ից գործընկեր բուհեր են գոր­ծուղվել 31 ուսանող, որոնցից 24 բակալավրիատի ուսանող, 7 մագիստրոս, այդ թվում՝ 1 ուսանող ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից։ Նույն ժամանա­կա­հատ­վա­ծում համալսարանից գործընկեր բուհեր են գոր­ծուղվել 18 դասախոս և 13 վար­չական աշխատակից։ 2018-2019 ուսումնական տար­­վա առաջին կիսամյակում նախատեսված է ևս 10 վարչական աշխատակցի փոխանակում։ 2018-2019 ուսում­նական տարվա երկրորդ կիսամյակում նախա­տեսված է համալսարանից գործ­ընկեր բուհեր գործուղել 19 ուսանող և 37 դասախոս ու վարչական աշխատակից։ Այդ ընթացքում գործընկեր բուհերից հա­մալսարանում կհյուրընկալվեն 6 ուսանող և 34 դասախոս ու վարչական աշխատակից:
Հասարակայնության հետ կապերի գործունեությունից Կորյուն Աթոյանն առանձնացրեց նոր ձևավորմամբ և տեխնիկապես վերազինված համալսարանի նոր կայքի գործարկումը 2018 թվականին: Գիտակրթական գործունեության նյութատեխնիկական հենքի նորացման ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները, բարենորոգման, տեխնիկական վերազինման և մյուս աշխատանքները կազմել են տնտեսական գործունեության առանցքը: Ուսանողական խորհրդի գործունեությունից շեշտադրվեց ՈՒԽ-ին հատկացված միջոցների հաշվին 51  ուսանողի տրամադրված ուսման վարձի զեղչի մասին: Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև 2018 թ. բյուջեի կատարման արդյունքները:
Հաշվետվության ներկայացումից հետո ելույթ ունեցավ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով մեր համալսարանի զարգացման փուլերին, վերջին տարիներին կատարված աշխատանքներում շեշտադրելով ռեկտոր Կորյուն Աթոյանի ղեկավարած տարիները, որոնք, նրա խոսքով, աչքի ընկան հավակնոտ ծրագերի իրագործմամբ, գիտական գործունեության ֆինանսավավորմամբ, աննախադեպ միջազգային ծրագրերով, ինչպես նաև առկա խնդիրները:
ՀՊՏՀ գիտական խորհուրդը ընդլայնված նիստում հավանություն տվեց ՀՊՏՀ 2018 թվականի ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը, ինչպես նաև որոշում ընդունեց այն ներկայացնել ՀՊՏՀ խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: Որոշումը հաստատվեց քվեարկությամբ:
Հրաժեշտի ելույթով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր շուրջ 8 տարի աշխատել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և հուսով է՝ կոլեկտիվից բաժանվում է բարեկամաբար և քաղցր հուշերով: Կորյուն Աթոյանը ջերմորեն շնորհավորեց Ռուբեն Հայրապետյանին՝ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առթիվ, մաղթեց բազում հաջողություններ, իսկ կոլեկտիվին կոչ արեց համատեղ ուժերով նպաստել համալսարանի առաջընթացին: Կորյուն Աթոյանը ներկաներին շնորհավորեց նաև Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը կոլեկտիվի անունից Կորյուն Աթոյանին հուշանվեր հանձնեց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին