Կայացավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

Դիտումների քանակ՝ 1622

Գիտխորհրդի ընդլայնված նիստից հետո այսօր տեղի ունեցավ նաև ՀՊՏՀ գիտական խորհրդի 2018թ. տարեվերջյան նիստը, որի օրակարգում ընդգրված էր 3 հարց:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ լրացել է մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Հայկազ Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակը, ինչի առթիվ կոլեկտիվի անունից ջերմ շնորհավորանքներ հղեց և հանձնեց ուղերձ: Հայկազ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց գիտխորհրդին, ապա նշեց, որ ինքը 50 տարի կապված է տնտեսագիտական մայր բուհի հետ, բոլոր գործընկերներին, որոնց մեջ են նաև իր ուսանողները, համարում է իր ընկերները:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2018 թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող տարեկան հաշվետվությունների մասին» հարցը և առաջարկեց ներկայացված երկու ծրագրերի մասին հաշվետվությունները հաստատել: Այդ ծրագրերն են «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» (ծրագրի գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու. Սուվարյան) և «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» (ծրագրի գիտական ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Կ. Գրիգորյան):

Գագիկ Վարդանյանը զեկուցեց նաև երկրորդ՝ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016»-ի շրջանակներում իրականացվող գիտական թեմաների 19.12.2016-18.12.2018 թթ. ժամանակահատվածն ընդգրկող ամփոփիչ հաշվետվությունների մասին» հարցը և առաջարկեց ներկայացված երկու ծրագրերի մասին հաշվետվությունները հաստատել: Այդ ծրագրերն են «Վարչատարածքային բարեփոխումների ազդեցությունը ՀՀ տեղական ինքնակառավարման արդյունավետության վրա (գիտական թեմայի ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Հայրապետյան) և «Դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության մրցունակության վրա» (գիտական թեմայի ղեկավար՝ տ.գ.թ. Ա. Թավադյան): Գիտխորհուրդը բոլոր ծրագրերի մասին հաշվետվությունները հաստատեց: Այնուհետ հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավար հաստատելու մասին հարցեր:

Կորյուն Աթոյանը, ամփոփելով նիստը, ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ և խոսքը փոխանցեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին:

«Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Աթոյանին այս տարիներին կատարած հսկայածավալ աշխատանքների համար և նշել, որ այն փոփոխությունները, որոնք արվել են, լավ մեկնարկային կետ են մեր համատեղ աշխատանքի շարունակության համար: Մենք մեկնարկային լավ դիրքում ենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց նաև, որ մեր համալսարանը չի կարող անմասն մնալ երկրում կատարված լրջագույն փոփոխություններից և այս առումով պետք է լոկմոտիվի դեր ստանձնի: Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ առաջիկա տարիներին մեր համալսարանի գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի տնտեսական կյանքում լուրջ դերակատար դառնալը, ինչին կմիտվեն առաջիկա քայլերը: Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ այս և մյուս նպատակներն իրագործելու համար պետք է համատեղ ուժերով աշխատել՝ հանուն մեկ միասնական գործի և միասնական առաքելության: Այնուհետև Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց ներկաներին և նրանց ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով առողջություն և բարօրություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին