ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 2138

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում մայիսի 28-ին տեղի է ունեցել Եվրասիայի գյուղատնտեսության, պարենային անվտանգության և պարենավորման 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված Պարենային քաղաքականության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի (IFPRI, Վաշինգտոն) «2019 թվականի գլոբալ պարենային քաղաքականությունը» զեկույցին: Գիտաժողովին հրավիրվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ով հանդես է եկել զեկուցմամբ:

Համաշխարհային բանկի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Պարենային քաղաքականության եվրասիական կենտրոնի, Պարենային քաղաքականության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի գիտնականների մասնակցությամբ քննարկվել է «2019 թվականի գլոբալ պարենային քաղաքականությունը» զեկույցը, բազմակողմանիորեն ներկայացվել են գյուղական տարածքների ռեվիտալիզացիայի, աղքատության հաղթահարման, զբաղվածության մակարդակի բարձրացման, կանանց կենցաղի և աշխատանքային պայմանների բարելավման հիմնախնդիրները:

Սամվել Ավետիսյանի հաղորդմամբ՝ գիտաժողովում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղական շրջանների ռեվիտալիզացիայի առավել նորամուծական և ներառական ծրագրերին: ՀՊՏՀ գիտնականը անդրադարձել է ՀՀ գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության, հատկապես` ագրովերամշակման և գյուղական զբոսաշրջության զարգացման փորձին:

«Առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ռեկրեացիոն հարուստ ռեսուրսներ ունեցող լեռնային գյուղերում ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, առողջարարական և արկածային զբոսաշրջության զարգացման միջոցով գյուղական բնակչության եկամուտների ավելացման, հատկապես երիտասարդների արտահոսքի կրճատման ու գյուղական կյանքի աշխուժացման հնարավորությունները, որը ցուցադրվել է նաև հետաքրքիր տեսաֆիլմով: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Կալավանի, Տավուշի մարզի Ենոքավանի և Վայոց ձորի մարզի Հերմոնի գյուղական զբոսաշրջության ծրագրերը գիտաժողովի մասնակիցները գնահատեցին որպես համեմատաբար փոքր ներդրումներով գյուղի ռեվիտալիզացիայի լավագույն օրինակներ: 2019 թ. հոկտեմբերին համանման միջազգային գիտաժողովի վայր է ընտրվել Երևանը, իսկ որոշ մասնակիցներ ցանկություն են հայտնել իրենց հանգիստը անցկացնել հայկական գյուղում»,-ասաց «Ամբերդի» ավագ փորձագետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին