Պրակտիկ փորձ ձեռք բերելու հերթը հաշվապահներինն է. աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդմանն ուղղված նոր համագործակցություն

Դիտումների քանակ՝ 3588

ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնը և «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն այսօր մեր համալսարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի էությունը աշխատաշուկայի պահանջների բավարարումն է՝ փոխլրացնելով միմյանց կարողությունները հաշվապահական հաշվառման ոլորտի կրթական գործընթացների արդիականացման և զարգացման նպատակով:

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի կազմակերպած միջոցառմանը տեղի ունեցավ փաստաթղթի ստորագրման արարողությունը՝ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանի և «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության հաշվապահական հաշվառման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Զոհրաբյանի կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ պրոռեկտորներ Տիգրան Մնացականյանը, Դիանա Գալոյանը, դեպարտամենտների տնօրեններ Պարույր Ջանգուլյանը, Արամ Հովհաննիսյանը, ֆինանսական տնօրեն Մհեր Փարվանյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, արտաքին կապերի դեպարտամենտի բաժինների ղեկավարներ Լիլիթ Գյուլգյուլյանը, Վարդ Ղուկասյանը, Աղավնի Հակոբյանը, ինչպես նաև ուսանողներ:

Սույն համագործակցությունն, ի թիվս մի շարք հարցերի, նախատեսում է նաև , որ «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունը հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության ուսանողների համար կկազմակերպի փորձառություն 3-6 ամիս ժամկետով, որից հետո լավագույն ուսանողները կարող են ստանալ աշխատանքի առաջարկ, ուսանողներին կապահովի կոնկրետ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում ուսանողները ձեռք կբերեն հմտություններ և կարողություններ:

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, բացելով հանդիպումը, նախ կարևորեց համագործակցությունը, ապա՝ միջոցառմանը ուսանողների մասնակցությունը՝ նշելով, որ սա լավ առիթ է, որպեսզի ուսանողները կարողանան ընկերության ներկայացուցիչներին ուղղել աշխատանքի ընդունվելու և պրակտիկա անցնելու համար իրենցից ակնկալվող չափանիշներն ու պահանջները:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանն իր խոսքում նշեց, որ ավանդաբար բուհերի ուսումնական գործընթացի թույլ կողմը եղել է ուսանողներին պրակտիկ հմտություններ փոխանցելու ոչ պատշաճ մակարդակը: «Եվ հիմա լավ է, որ այսպիսի համագործակցության հուշագրերով մենք կարողանում ենք բարելավել կրթական հաստատություններ-գործատուներ կապը, և ես հուսով եմ, որ սա հետագայում բոլոր մասնագիտությունների գծով նման հուշագրեր կնքելու լավ օրինակ կդառնա»,- ասաց պրոռեկտորը:

«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության հաշվապահական հաշվառման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Զոհրաբյանը նշեց, որ Տնտեսագիտական մայր բուհի հետ այս համագործակցությունը կարևոր է նրանով, որ ուսանողներին հնարավորություն է տրվելու իրենց տեսական գիտելիքները ամրապնդել փորձով և պրակտիկ հմտություններով: «Այսօր աշխատաշուկայում շատ հաշվապահների կարիք կա, սակայն ընկերությունները դժվարությամբ են կարողանում գտնել որակյալ մասնագետ, քանի որ տեսական գիտելիքներից բացի հարկավոր են պրակտիկ հմտություններ»,- ասաց նա:

ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանն իր ուրախությունը հայտնեց նման փոխգործակցության առնչությամբ՝ նշելով, որ իրենց ուսանողները ոգևորված են այս առաջարկից, քանի որ լավ հնարավորություն կստանան իրենց գիտելիքներն ամրապնդել «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունում: «Սա մեր ոսւանողներին կրթելու, իրենց գիտելիքները բարելավելու, պրակտիկ փորձ հաղորդելու ճանապարհին լավ դուռ է: Ես վստահ եմ, որ մեր ուսանողների համար այս համագործակցությունը կլինի արդյունավետ»,- ընդգծեց աշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:

Այնուհետև ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի մագիստրանտ և «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության աշխատակից Գագիկ Բադադյանը հանդես եկավ ընկերության մասին շնորհանդեսով՝ ներկայացնելով կառուցվածքը, գործունեությունը, մատուցվող ծառայությունները: Այնուհետև ուսանողները ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնց շուրջ պատճաշ պատասխաններ և ընթացակարգային պարզաբանումներ ներկայացրեց «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին