ՀՊՏՀ` ջերմ, գեղեցիկ ու մեծ մի ընտանիք. Յուրի Հովականյան
Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, շարունակում ենք ներկայացնել մեր վաստակաշատ դասախոսների մասնակցությամբ համալսարանի 45-ամյակին նվիրված հարցազրույցների շարքը: Հարցերը նույնն են, սակայն տարբեր ու ուշագրավ են պատասխանները: Ըստ էության, դրանք պատասխաններ են, որոնցում արտացոլվում են սեր, արժևորում, գնահատանք ու անկեղծություն…
Այսօր մեր զրուցակիցն է ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, փ.գ.թ., դոցենտ Յուրի Հովականյանը:
-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-Ջերմ, գեղեցիկ ու մեծ մի ընտանիք:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-Համալսարանում աշխատում եմ 1987 թվականից, այսինքն` կյանքիս ուղիղ կեսը...
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Համալսարանում ձևավորված ջերմ հարաբերությունները, գործընկերներիս և ուսանողներիս հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը, պարտքի զգացումը և, անկասկած, նաև սերը...
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-Առաջին անգամ տնտեսագիտական համալսարան եկա 1987 թվականին` որպես փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ: Եկել էի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Մուսայել Քոչարյանի հրավերով: Կուսակցական չէի, այն ժամանակ ինստիտուտի կուսքարտուղարը երջանկահիշատակ Վ. Օրդուխանյանն էր: «Հնարավոր չէ, Մուսայել Տիգրանիչ, խնդիր է դառնալու»: «Դա լուծվող խնդիր է... Ես կուսակցական գործիչ չեմ բերում, ես բերում եմ դասախոս»,- եղավ պատասխանը…
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
- Այն ժամանակ մեծերը շատ էին ինստիտուտում. այդ իմաստով կարող եմ ասել ինձ բախտը ժպտացել է... Ես կցանկանայի առանձնացնել հատկապես երեք անուն` Մուսայել Քոչարյան` հրաշալի մարդ և կազմակերպիչ, Համազասպ Ղուշչյան` մեծ ինտելեկտուալ և խորհրդատու, Լուկաշեն Բադանյան` պայծառ մարդ և ուսուցիչ: Նրանցից սովորել եմ ոչ միայն գրել, այլև՝ խոսել...
- Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
-Անկեղծ ասած, հաճախ եմ այդ հարցը ինքս ինձ տվել: Թերևս, դերասան կդառնայի: Այդ երկու ոլորտները շատ նման են իրար: Դասախոսությունը ես նմանեցնում եմ մեկ դերասանով ներկայացման:
- Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Համալսարանականներին միավորող մի շարք գործոններ կան, որոնցից, առաջին հերթին, կցանկանայի առանձնացնել ընդհանուր նպատակը՝ մեծ մասնագետ, Մարդ և Քաղաքացի կերտելը: Ոչ պակաս կարևոր է նաև համալսարանի հեղինակությունը:
-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
-Մարդը հասարակական էակ է, ինչքան էլ ընդգծված լինի նրա Ես-ը, միևնույն է, այդ Ես-ը որոշակի հարաբերությունների արդյունք է, բնականաբար, թեկուզ և մեր Ես-ը կարևորելով՝ կարևորում ենք հարաբերությունները, կոլեկտիվը, միջավայրը: Հատկապես, եթե այդ միջավայրն ու կոլեկտիվը նաև քո Ես-ով է պայմանավորված: 34 տարի աշխատել մի համալսարանում, հաղորդակցվել բազմաթիվ հրաշալի և արժանավոր մարդկանց հետ, ուրախանալ ամենափոքրիկ ձեռքբերումներով, ձախողումները համարել սեփականը, քեզ համարել այդ Մեծ և Շնորհալի հաստատության մի մասնիկը, որի հետ է կապված նաև քո ձեռքբերումների մեծագույն մասը, իհարկե, հպարտության զգացում է առաջ բերում:
-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
-Համալսարանը հաճախ ես նմանեցնում եմ դարբնոցի, որտեղ ավագ դարբնի ամենատես հսկողությամբ վերցնում ենք անտաշ ու անմշակ երկաթի կտորը, խոսքի ու սիրո ջերմությամբ փափկեցնում, կռում, ձև, իմաստ ու էություն հաղորդում, ապա նաև թրծում այնպես, որ այն կատարի իր կոչումը...
-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Մտավորականի, առավել ևս գիտնական-մանկավարժի ամենասիրած անկյունը տան աշխատասենյակն է, համալսարանում՝ լսարանը, հատկապես, եթե արդեն լսարանում նա բացահայտել է այն մի քանի տաղանդավոր և պայծառ ուսանողներին, որոնց համար իրականում կարդում է դասախոսությունը:
-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Մեր համալսարանը հանրապետության այն բացառիկ կրթօջախներից է, որտեղ առավելագույնս պահպանվել են ավագ և երիտասարդ սերունդների գիտական և մանկավարժական հարաբերությունները, այլ կերպ ասած՝ գիտական ավանդույթն ու ժառանգորդումը: Եվ այս առումով ուզում եմ նաև շեշտել այսօրվա ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ներդրումը այս գործում, բուհի երիտասարդացման անվան տակ ավագ սերնդի ներկայացուցիչներից ազատվելու նախորդ դատապարտելի գործողությունների ֆոնին: Գիտությունը և կրթությունը հենվում են երկու հիմնական սյուների վրա՝ ավանդույթի և նորարարության, այս կապը կտրել, նշանակում է ավերել այն:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
-Գիտության մեջ ընդունված ասացվածք կա, համաձայն որի, երիտասարդներն ավագ սերնդից գիտելիք են վերցնում, իսկ ավագները սովորում են երիտասարդներից տեխնիկայի հետ վարվել: Եվ այս տեսանկյունից ոչ միայն երիտասարդները շատ բան ունեն սովորելու ավագ սերնդից, այլև ավագ սերունդը շատ բան ունի սովորելու…Այս առումով ուզում եմ հիշեցնել Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» զարմանքն ու հիասթափությունը այդ «մեծերից», որոնք չեն հասկացել, թե իրականում ինչ է նկարել փոքրիկը: Ինքը օձ է նկարել, որը փիղ է կուլ տվել, մինչդեռ «չհասկացող» մեծերն ասում են, թե եզրավոր գլխարկ է նկարել: Աշխարհը տեսնել այնպես, ինչպես տեսնում են երիտասարդները, անհրաժեշտություն է, առանց որի հնարավոր չէ տարբեր սերունդների փոխհարաբերությունը...
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
- Աստվածաշնչյան եզրաբանությամբ դասախոս լինելը «կոչեցյալ և ընտրյալ» լինելն է, միաժամանակ դա ճակատագիր է...Արիստոտելն է, որը փոքրիկ Ալեքսանդրին կարողացավ դարձնել հզոր առաջնորդ և ստրատեգ: Դասախոսը ոչ միայն իր ոլորտի քաջագիտակն է, այլև այդ ամենը առավելագույնս հասկանալի ձևով ուսանողին ներկայացնողն է` շատ անգամ նույնիսկ հատուցման և գնահատման մասին չմտածելով :
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Աշխարհի գրեթե բոլոր նշանավոր համալսարանները մի քանի հարյուր տարվա պամություն ունեն, հսկայական ավանդույթ... Մեր երիտասարդ համալսարանին մաղթում եմ հարյուրամյակների կյանք` համոզվածությամբ, որ յուրաքանչյուր տարին ձեռքբերումների, քարը քարի վրա դնելու շրջան է լինելու, «Բանբերն» ու «Ամբերդը»` վարկանիշային ու մեծ պահանջարկ ունեցող ամսագրեր, և համալսարանում աշխատելը՝ մեծագույն պատիվ...
-Շնորհակալ ենք, պարոն Հովականյան, մեր հարցերին պատասխանելու համար: Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, աշխատանքային և անձնական հաջողություններ: Շարունակելի…
Հ.Գ. asue.am-ի այս շարքի նախորդ` ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ Սարգսյանի, Միքայել Թավադյանի, Զոյա Թադևոսյանի, Արկադի Հայրապետյանի, Սուսաննա Չալաբյանի հետ հարցազրույցներին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին