«Ամբերդի» փորձագետը մասնակցել է կլոր սեղան - քննարկման

Դիտումների քանակ՝ 2084

Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համագործակցության շրջանակներում, սեպտեմբերի 26-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի համատեղ գործողությունների նշանակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Ի թիվս բիզնես հանրության, բանկային, հասարակական և գիտակրթական համակարգի ներկայացուցիչների՝ միջոցառմանը մասնակցել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:

Ինչպես հայտնում են «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, կլոր սեղանի մասնակիցներն ակտիվ քննարկում են ծավալել Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի տնօրեն Ֆրանկ Բրաունի ելույթների շուրջ: Հատկապես հետաքրքրություն է առաջացրել Թաիլանդի, Ուկրաինայի, Մոլդովայի և այլ երկրների հակակոռուպցիոն փորձի վերլուծությունը և դրանց հետ ՀՀ-ում ընթացող գործընթացների համադրումը:

Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի խոսքով՝ կլոր սեղան-քննարկումը կարևոր էր Հայաստանում այդ արժեքավոր փորձի ներդրման մեխանիզմների քննարկման առումով: ՀՊՏՀ պրոֆեսորը նկատում է սակայն, որ այդ փորձի ներդրումը Հայաստանում կպահանջի հսկայածավալ ջանքեր՝ ինչպես կառավարության, այնպես էլ գիտական հանրույթի և քաղաքացիական հասարակության կողմից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին