ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են eDrone նախագծի հերթական աշխատաժողովին

Դիտումների քանակ՝ 1636

Փետրվարի 6-7-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կայացել է ԵՄ «Էրազմուս+»-ի (կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրեր (ՀԳ2)) eDrone նախագծի հերթական աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ ներկայացուցիչները` մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Արգամ Արտաշյանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:

Ինչպես հայտնում են միջազգային կապերի բաժնից, նախագծի գործընկեր բուհերի ներկայացուցիչները զեկուցումներ են լսել անդամ երկրներում անօդաչու թռչող սարքերի կիրառման հնարավորությունների, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, մասնակցել ՀԱՊՀ-ում OED (Office for Education for Drone) լաբորատորիայի բացմանը, որը ծրագրի վերջնարդյունքներից մեկն է: Աշխատաժողովի ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները գործընկերներին ներկայացրել են ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ի կողմից կատարված գործողությունները, գրանցած արդյունքները, քննարկել հետագա քայլերը՝ eDrone նախագծով պլանավորված վերջնական արդյունքները լավագույն կերպով ապահովելու համար:

Նշենք, որ շուտով վերը նշված լաբորատորիայում կմեկնարկեն կարճաժամկետ դասընթացները՝ անօդաչու թռչող սարքերի և դրանց կիրառման հնարավորությունների վերաբերյալ, որտեղ անօդաչու թռչող սարքերի շուկայի և դրանց առաջխաղացման հետ կապված թեմաներով կդասավանդեն նաև ՀՊՏՀ դասախոսները: Այս մասին ավելի մանրամասն կհայտարարվի շուտով:

Նշենք նաև, որ նախագծի ամփոփիչ հանդիպումը նախատեսվում է իրականացնել ապրիլի սկզբին Թբիլիսիում, որին կմասնակցեն ծրագրի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները: eDrone- ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին