ՀՊՏՀ-ում ՉԺՀ դեսպանի մասնակցությամբ բացվեց Չինաստանի լսարան

Դիտումների քանակ՝ 3382

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Թիան Էրլունը երեկ ՀՊՏՀ-ում հանդիսավորությամբ բացեցին Չինաստանի լսարան՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը:
Միջոցառմանը մասնակցում էին պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Միխաիլ Կարապետյանը, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նույն կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ Վարդան Աթոյանը, համալսարանի ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Դեսպանին ուղեկցում էին դեսպանության խորհրդական պարոն Չժոու Հունյուն և դեսպանության կցորդ պարոն Զուո Սիանը:
Պաշտոնապես ազդարարելով լսարանի բացումը՝ հյուրերը շրջեցին լսարանում, լուսանկարվեցին երկու երկրների դրոշների ներքո: Դեսպան Թիան Էրլունն իր հիացմունքն արտահայտեց կատարված աշխատանքի մասին՝ նշելով, որ լսարանի ստեղծումն իրականացվել է լավագույն ձևով, արտահայտում է չինական մշակույթը, փոխանցում իրենց ազգային դիմագիծն ու հաղորդում համապատասխան տրամադրություն: Դեսպանը հույս հայտնեց, որ Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցային այս հերթական քայլը կդառնա երկկողմ գործակցության շարունակականութան հիմք:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ լսարանի ստեղծմանն աջակցելու համար, ապա ավելացրեց, որ մեր համալսարանը ուրախ կլինի հետագա համագործակցության համար: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց մեր համալսարանում իրականացվող գիտական գործունեությունը և որպես երկկողմ գործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտ՝ մատնանշեց Չինաստանի գործընկերների հետ համատեղ հետազոտությունների և ամառային դպրոցների կազմակերպումը:
Այնուհետև հյուրերն այցելեցին երկրատեղեկատվական համակարգերի վերջերս բացված լսարան, որից հետո հանդիպում տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորի աշխատասենյակում:
Նշենք, որ ՀՊՏՀ-ում Չինաստանի լսարանի բացման, ինչպես նաև ՀՊՏՀ և Չինաստանի գործընկեր հաստատությունների հետ երկկողմ համագործակցության նախաձեռնությունը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Աթոյանինն է, ով Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր է և հատուկ փորձագետ: Մասնավորապես, 2016 թ. ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Շենսիի մանկավարժական համալսարանի հետ, իսկ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իր հերթին 2017 թ. հուշագիր է կնքել վերոնշյալ համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին