Միջազգային ծրագրերը ՀՊՏՀ-ում ակտիվանում են. հանդիպումներ գործընկերների հետ
Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվակն համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի ավարտից հետո կայունության ու շարունակականության մշտադիտարկում իրականացնելու նպատակով այսօր ՀՊՏՀ այցելեցին Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:
Նրանց հյուրընկալեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը: Հյուրերը ներկայացրեցին վերը նշված ծրագրի ընթացքում իրականացված գործողություններն՝ ըստ աշխատանքային փաթեթների, արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև՝ ծրագրի իրականացման ազդեցությունը համալսարանում: Նրանք անդրադարձան նաև Նախագծերի կառավարման համատեղ մագիստրոսական կրթական ծրագրին որպես «Հերիտագ» ծրագրի հավելյալ արդյունք, ներկայացրեցին առավելություններն, ինչպես նաև՝ բարելավման առաջարկներ:
Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց ՀՊՏՀ-ում իրականացվող գործընթացները, շեշտադրեց, որ միջազգայնացումը գերակա ուղղություն է և այս առումով նախատեսվում են զարգացման մի շարք քայլեր ու ծրագրեր: Տիգրան Մնացականյանն անդրադարձավ վերոնշյալ ծրագրի իրականացմանն առնչվող հարցերին, դրանց արդյունքների վերաբերյալ ներկայացրեց ՀՊՏՀ ղեկավարության մոտեցումները:
Այնուհետև հյուրերը հանդիպեցին և զրուցեցին «Հերիտագի» աշխատանքային խմբի հետ, այցելեցին երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիա, որը ՀՊՏՀ-ում ստեղծվել է «Հերիտագ» ծրագրի շրջանակներում:
Անցնող շաբաթվա ընթացում ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում, որը միջազգային նոր նախագծի իրականացման համատեքստում բավական կարևոր էր: Մեր համալսարան այցելեց «Մոլդովայում և Հայաստանում բուհերի՝ հետազոտությունների կառավարման և բաց տեղեկատվության կարողությունների զարգացում» (Միներվա) ծրագրի համակարգող Օլեսյա Սիրբուն: Հիշեցնենք, որ սույն ծրագրի նպատակը բաց տեղեկատվության հիմնական սկզբունքների կիրառման նպատակով համապատասխան պայմանների զարգացումն է Մոլդովայի և Հայաստանի բուհերում:
Պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ վերակազմավորման, այն է՝ հիմնադրամի վերածվելու հանգամանքը բավական դրական կերպով է անդրադառնում մեր համալսարանի միջազգային գործունեության վրա: Եվ այս առումով նշված հանդիպումն էլ օգտակար է եղել, քանի որ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Այս մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին