ՀՊՏՀ-ում դասավանդման ժամանակակից մեթոդների մասին խոսեցին Ֆրանսիայում վերապատրաստված դասախոսները

Դիտումների քանակ՝ 1825

Կրթության որակի բարձրացման համատեքստում ՀՊՏՀ-ն անդամակցում է մի շարք եվրոպական ծրագրերի: Արտերկրում տեղի ունեցող միջոցառումներին իրենց անմիջական մասնակցությամբ մեր դասախոսները ծանոթանում են առաջավոր համալսարանների կրթական ծրագրերին, դասավանդման ժամանակակից մեթոդներին: ԵՄ «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարեն Գրիգորյանը, ֆինանսների ամբիոնի դոցենտ Էդգար Աղաբեկյանը, ասիստենտ Վանինե Երանոսյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ Գայանե Հարությունյանը 2-շաբաթյա վերապատրաստում են անցել Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարանում (Ֆրանսիա): Նրանք այսօր իրենց գործընկերներին հրավիրել էին՝ հաղորդելու «Կորպորատիվ ֆինանսներ» դասընթացի բովանդակության և ընդհանուր դասավանդման մեթոդիկայի շուրջ Եվրոպայում ստացած իրենց գիտելիքները, ինչպես նաև համատեղ քննարկելու ՀՊՏՀ-ում դրանց կիրառման մեթոդները: Հանդիպմանը մասնակցում էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և աշխատակիցները:

Վանինե Երանոսյանը, Էդգար Աղաբեկյանը, Գայանե Հարությունյանն ու Կարեն Գրիգորյանը զեկուցեցին վերապատրաստման արդյունքների մասին: Նրանք շեշտադրումներ կատարեցին գիտելիք, հմտություն, կարողություն զարգացնող ուղիների, կրթական ծրագրերի մշակման սկզբունքների, դասընթացին ուսանողի առավելագույն ներգրավումն ապահովող առցանց պլատֆորմների, հետադարձ կապի ստեղծման կարևորության, համալսարանների առաքելության վերաարժևորման և եվրոպական ընկալման, եվրոպական կրթական շուկայի ժամանակակից միտումների, մարտահրավերների վերաբերյալ:

Դասախոսները հարցեր ուղղեցին, ծավալվեց քննարկում:

Նշենք, որ ՐԻՖԱՅՆ նախագծում ներգրավման արդյունքում 2019-2020 ուսումնական տարում ՀՊՏՀ-ում ներդրվել է «Կորպորատիվ ֆինանսներ» բարեփոխված մագիստրոսական ծրագիրը, որն ունի 28 ուսանող:

ՐԻՖԱՅՆԸ ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը, նախագծի մասին ավելին՝ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին