ՀՊՏՀ-ում տրվեց միջազգային վերապատրաստման շաբաթվա մեկնարկը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1615

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ մեր համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում եվրոպական 8 համալսարանների 11 դասախոսների և վարչական աշխատակիցների մասնակցությամբ այսօր տրվեց միջազգային վերապատրաստման շաբաթվա մեկնարկը: Միջոցառման մեկնարկին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Էրազմուս +»-ի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և նույն գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:
Ներկաներին ողջունեց և Հայաստան ու մեր համալսարան բարի գալուստ ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` հույս հայտնելով, որ գործընկեր համալսարանի աշխատակիցները դրական տպավորություն ունեն Հայաստանից և առաջիկա շաբաթը դրանք ավելի կամրապնդվեն, քանի որ արտաքին կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրերը կշրջեն Հայաստանում (ծրագրի ճանաչողական մասը երեկվանից է սկսվել), կծանոթանան մեր երկրին: Մեր համալսարանի ռեկտորն ընդգծեց, որ 2014թ. ի վեր ՀՊՏՀ-ն ակտիվորեն ներգրավված է «Էրազմուս+»-ի ծրագրի տարբեր գործողություններում՝ տարեցտարի ընդլայնելով մասնակիցների քանակը, ինչպես նաև գործընկեր բուհերի աշխարհագրությունը: Ռեկտոր Կորյուն Աթոյանի ողջույնի խոսքը՝ այստեղ:
Այնուհետև ներկաներին ողջունեց «Էրազմուս +»-ի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ կարևորելով միջոցառումը և նշելով, որ Հայաստանում առաջին անգամ է այս ձևաչափով նման միջոցառում կազմակերպվում: Նա հույս հայտնեց, որ այս նախաձեռնության շրջանակներում կլինեն հետաքրքիր շնորհանդեսներ, քննարկումներ, որոնք փորձի փոխանակման հիանալի առթի կդառնան: Ողջույնի խոսք ասաց նաև ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի ղեկավար Վարդ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ հրավերն ընդունելու և միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու համար: ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետի խոսքը՝ այստեղ:
Բացման խոսքից հետո միջոցառման մասնակիցները լուսանկարվեցին ՀՊՏՀ խորհրդանշական պատի մոտ, այնուհետև շարունակեցին այսօրվա օրակարգով նախատեսված աշխատանքները: Հանդես եկավ «Էրազմուս +»-ի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող ակադեմիական շարժունության ծրագրերը: Էդիթ Սողոմոնյանը մանրամասն և համապարփակ ձևով ներկայացրեց 2014-2020թթ. իրականացված և նախատեսված ծրագրերը, դրանց աշխարհագրությունը, ուղղությունները, գործընկեր համալսարանների մասնակցությունը, ծրագրի էությունն ու հնարավորությունները: Ներկայացումից հետո նա պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
Միջոցառումը կշարունակվի առաջիկա օրերին, որի մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կծանուցի առաջիկայում:
Ծրագրի ամբողջական օրակարգին, ինչպես նաև դասախոսությունների գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին