Զբոսաշրջության հիմնահարցերը քննարկվեցին կլոր սեղանի շուրջ. նոր հետազոտություն «Ամբերդ» կենտրոնից

Դիտումների քանակ՝ 2107

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավերով այսօր մեր համալսարանում կլոր սեղան-քննարկման հյուրեր էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի և քոլեջների զբոսաշրջություն ուսումնասիրող ամբիոնների վարիչներ և դասախոսներ, պետական կառավարման մարմինների, զբոսաշրջության ոլորտի առևտրային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությւնների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, կենտրոնի աշխատակիցները, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ:
Ներկայացնելով կլոր սեղան-քննարկման առիթն ու նպատակը՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ կենտրոնի կատարած հետազոտության արդյունքների հիման վրա կբացահայտվի զբոսաշրջության ոլորտի ներկայիս պատկերը և զբոսաշրջության կրթության կազմակերպման մասնակիցների, գործատուների հետ համատեղ կծավալվի քննարկում, որի ակնկալվող արդյունքը պետք է լինի կրթություն-աշխատաշուկա կապի ապահովումը, կրթության արդյունավետության բարձրացումը, ոլորտի համար բարձրորակ մասնագետների պատրաստումը:
«ՀՀ զբոսաշրջության ոլորտի կրթության կազմակերպման և աշխատաշուկայի վերլուծություն» զեկուցմամբ հանդես եկավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը:
Բանախոսն իր ելույթի սկզբում շեշտադրեց աշխարհում և Հայաստանում զբոսաշրջության դերը, ներկայացրեց հայաստանյան ցուցանիշները՝ ըստ ԱՎԾ և Զբոսաշրջության մրցունակության զեկույցի տվյալների, ապա անդրադարձավ կատարված հետազոտությանը: Բանախոսը նշեց, որ հետազոտության նպատակն է եղել պարզել ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայում նրանցից ակնկալվող հմտությունների, կարողությունների շրջանակը, դրանց միջև առկա անհամապատասխանությունները, խնդիրները:
Բանախոսը ներկայացրեց ըստ այս ուղղությունների կատարված հետազոտության արդյունքները, առկա հիմնախնդիրները, հիմնական եզրակացությունները և առաջարկությունները:
Նա անդրադարձավ նաև ոլորտի համար մասնագետների պատրաստմանը, այստեղ առկա հիմնախնդիրներին, աշխատաշուկայի գործունեության բարելավման ուղիներին ու վերջիններիս փոխգործակցության հնարավորություններին:
Այնուհետև ծավալվեց քննարկում: 
Կրթության կազմակերպիչների և գործատուների համար հանդիպումը ծառայեց որպես կառուցողական ու շահագրգիռ քննարկման, կարևոր հետևությունների ու արդյունավետ առաջարկությունների հարթակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին