Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 57-ամյակին
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում մարտի 5-ին ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999 թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս»,«Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր Վազգեն Սարգսյանի 57- ամյակին նվիրված ցերեկույթ:
Ինչպես տեղեկացնում են մասնաճյուղից, միջոցառման ընթացքում ուսանողներն անդրադարձել են Վազգեն Սարգսյանի կենսագրությանը, պատմել նրա կյանքից հետաքրքիր դրվագներ:
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են». սրանք սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, որոնք մեջբերել են ուսանողները:
Միջոցառման ավարտին մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը:
Լուսանկարները՝ մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին