Դիպլոմներ ստացան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտները. DJ Վակցինան՝ ՀՊՏՀ գերազանցիկ մագիստրոս (լուսանկարներ)
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգային հաղորդակցություններ և մարքեթինգային հետազոտություններ մասնագիտացումների հեռակա ուսուցման 2015թ. շրջանավարտներն այսօր հանդիսավոր կերպով ստացան մագիստրոսական դիպլոմները:
Ինչպես մեզ տեղեկացրեց մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը՝ մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացմամբ կա 26, մարքեթինգային հետազոտություններ մասնագիտացմամբ՝ 13 շրջանավարտ: Ամբիոնի վարիչը մագիստրոսներին հանձնեց դիպլոմները և հաջողություն մաղթեց նրանց:
ՀՊՏՀ շրջանավարտների թվում է նաև հայտնի DJ Վակցինան, նույն ինքը՝ Արուսյակ Մկրտչյանը, ով ստացել է գերազանցության (կարմիր) դիպլոմ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում DJ Վակցինան նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում ստացել է իր 2-րդ մասնագիտությունը (առաջին մասնագիտությամբ կենսաբան է ):
«Միանշանակ, ՀՊՏՀ-ում ստացած գիտելիքներս կնպաստեն իմ կարիերային, ես ունեմ իմ բիզնեսը և այնտեղ մարքեթինգային կրթությունը անհրաժեշտ է: Շատ գոհ եմ իմ ստացած կրթությունից, բուհի դասախոսներից: Ինձ շատ է աջակցել հատկապես դոցենտ Նարեկ Ղուկասյանը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրան»,-ասաց դիջեյը:
Մեզ հետ զրույցում շրջանավարտներ Լիլիթ Սիմոնյանն ու Քրիստինե Հովսեփյանը նշեցին, որ մարքեթոլոգի մասնագիտությունն արդիական է, ուստի այսուհետ նրանց կարիերայում նոր հնարավորություններ են ստեղծվում: Քրիստինեն նշեց, որ արդեն աշխատում է որպես մենեջեր:
Մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանի խոսքով՝ մարքեթինգի ֆակուլտետի շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունների (դեկտեմբեր, 2015 թ.) արդյունքները գոհացուցիչ էին:
«Շրջանավարտների հիմնական մասը բավականին խորությամբ տիրապետում է իր մասնագիտությանը, և վստահ եմ, որ նրանք իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում և կկարողանան իրացնել մեր բուհում ստացած գիտելիքները»,-ասաց պրոֆեսորը:
Հիշեցնենք, որ այս օրերին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնից դիպլոմներն են ստանում ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 2015թ. շրջանավարտները:
Շնորհավորում ենք ՀՊՏՀ մագիստրոսներին և մաղթում հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին