«Ամբերդում» հետազոտվում են հեռահաղորդակցության և կապի ոլորտի հիմնախնդիրները

Դիտումների քանակ՝ 2391

ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ կատարվում է ՀՀ հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի հետազոտություն (գիտաուսումնական), որն իրականացնում  է ՀՊՏՀ ասպիրանտ Գրիշա Ամիրխանյանը: Այսօր հետազոտության շրջանակներում կազմակերվել էր  սեմինար, որին մասնակցում էին «Ամբերդի» տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, ուսանողներ, ասպիրանտներ:

Արմեն Գրիգորյանը բացման խոսքում ընդգծեց հետազոտության թեմայի կարևորությունն ու արդիականությունը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ է և զարգացող, մեր երկրում կա մեծ ներուժ, ուստի, հետազոտությունը միտված է բացահայտելու  զարգացման հեռանկարներն ու հիմնախնդիրները, առաջարկելու լուծումներ:

Բանախոսությամբ հանդես եկավ Գրիշա Ամիրխանյանը՝ անդրադառնալով կապի և ծառայությունների ցուցանիշներին. ներկայացվեց ՀՀ հեռահաղորդակցությունների շուկայի կառուցվածքային ենթաշուկաների դինամիկան՝ ըստ բացարձակ հասույթի (2006-2014թթ.), ֆիքսված և բջջային հեռախոսակապերից  օգտվողների քանակական ցուցանիշներ, անցումը ֆիքսված հեռախոսակապից բջջայինի, ինտերնետի օգտագործման գործակիցը ՀՀ բնակչության շրջանում, ինտերներտ-բաժանորդների քանակը ՀՀ-ում 2009-2014թթ. և այլն: Ասպիրանտը ուսումնասիրությունը կատարել էր 3՝ «Վիվա սելլ», «Բիլայն», «Օրանժ» բջջային օպերատորների օրինակով և ցույց էր տվել 2014-2015թթ.  նրանց զբաղեցրած դիրքը շուկայում՝ ըստ գործառնական եկամուտների և ակտիվ բաժանորդների, վերլուծել էր բաժանորդների դինամիկան: Բանախոսը կանգ առավ նաև  նորագույն տեխնոլոգիաների և ծրագրերի վրա, որոնք հնարավորություն են տալիս այլընտրանքային կապի, ինչպես օրինակ, “Skype”-ը, “Whats App”-ը, “Viber’’-ը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս գիտաուսումնական հետազոտությունը մեկնարկել է 2015թ. ապրիլին և հիմնական նպատակը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների աճի հնարավորությունների բացահայտումն է, բիզնեսի աճին ուղղված առաջարկությունների տրամադրումը: Ղեկավարի խոսքով՝ հետազոտության վերջնարդյունքը պատրաստ կլինի գալիք տարվա հունվարի վերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին