ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են ՐԻՖԱՅՆ նախագծի մեկնարկային հանդիպմանը
Սույն թվականի հոկտեմբերի 15-ից մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում այս տարի ֆինանսավորում ստացած «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ), № 585784-EPP-1-2017-1-AT-EPPKA2-CBHE-JP նախագիծը: Նախագծի շրջանակներում Վիեննայում (Ավստրիա) նոյեմբերի 21-24-ը կազմակերպվել է մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը և ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը: Այս մասին հայտնում եմ արտաքին կապերի բաժնից՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նախագծի աշխատանքային փաթեթներով նախատեսված գործողությունների շրջանակը, պլանավորվել են առաջիկա մեկ տարվա գործողությունները, մասնավորապես, առաջին աշխատանքային փաթեթի շրջանակներում կարիքների գնահատման հարցումների կազմակերպումն ու հաշվետվողականությունը:
Նախագծի համակարգողի կողմից մանրամասն ներկայացվել են նախագծի հաշվետվողականությանը և ֆինանսական փաստաթղթերին ներկայացվող պահանջները, աշխատանքային փաթեթների ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից ղեկավարվող աշխատանքային փաթեթների նկարագրերը և առաջիկայում նախատեսված գործողությունները:
ՀՊՏՀ-ն ղեկավարում է 7-րդ աշխատանքային փաթեթը՝ տեղեկատվության տարածումն ու արդյունքների կիրառումը: Մեկնարկային հանդիպման ժամանակ Մարգարիտ Մարուքյանը ներկայացրել է տեղեկատվության տարածման ու արդյունքների կիրառման գործողությունների պլանը, ինչպես նաև արդեն ձեռք բերված արդյունքները: Նշենք, որ համակարգելով 7-րդ աշխատանքային փաթեթը՝ ՀՊՏՀ աշխատանքային խումբը մինչև մեկնարկային հանդիպումը պատրաստել էր նախագծի պաշտոնական կայքի բովանդակությունը, նախագծի լոգոն, տեղեկատվական թերթիկը, ինչպես նաև հաշվետվությունների ձևաչափերը: Նախագծի համակարգողները բարձր են գնահատել ՀՊՏՀ աշխատանքային խմբի ջանքերը և սուղ ժամկետներում կատարված ծավալուն աշխատանքը:
Նշենք, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է և նախագծի գործողությունները նախատեսված են 2017 թ. հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի ՀՊՏՀ կայքում և նախագծի պաշտոնական կայքում` http://www.reforming-finance.eu/:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին