Կայացավ «Արտահանման ներուժի իրացում» գիտաուսումնական խմբի 2-րդ միջանկյալ հաշվետվությունը
Նիստերի սրահում այսօր «Արտահանման ներուժի իրացում» գիտաուսումնական խմբի 2-րդ միջանկյալ հաշվետվությունն էր, որին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դասախոսներ, ուսանողներ:
Սեմինարի բացման խոսքում Գագիկ Վարդանյանը նշեց, որ սա գիտաուսումնական խմբերի 2-րդ միջանկյալ հաշվետվություններից նախավերջինն է, և նախորդ սեմինարներից պարզ է դարձել, որ կան հետաքրքիր արդյունքներ, կա գործի նկատմամբ ոգևորություն: Անդրադառնալով «Արտահանման ներուժի իրացում» ԳՈւԽ-ին՝ պրոռեկտորն ասաց, որ ուսումնասիրության թեման Հայաստանի համար արդիական է:
Նշենք, որ սույն խմբի աշխատության թեման է «ՀՀ արտահանման ներուժի իրացման լոգիստիկ հիմնախնդիրները»:
Խմբի ղեկավար, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը նշեց, որ թեմայի շրջանակներում գիտաուսումնական խումբը որոշակի ուղղություններով աշխատանք է կատարել, և այն ներկայացնելու համար խոսքը փոխանցեց խմբի անդամներին:
Խմբի անդամ, ասպիրանտ Արաքս Աբրահամյանն իր զեկուցման մեջ ներկայացրեց ՀՀ տրանսպորտային հոսքերը և ծախսերը: Ասպիրանտը անդրադարձավ ըստ տրանսպորտի տեսակների մեր երկրի արտաքին առևտրին՝ 2014թ. տվյալներով, արտահանման, ներմուծման ծախսերին, արտահանման, ներմուծման ընթացակարգերի ծախսերին, տրանսպորտային ուղիների զարգացման միտումներին, ավտոմոբիլային փոխադրումների ծավալներին, օդային փոխադրումների միտումներին և այլն:
Հաջորդ բանախոսի՝ ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հախվերդյանի կողմից ներկայացվեցին տրանսպորտային ծախսերի գնահատման ՝ Հայաստանի վերաբերյալ մինչև այժմ կատարված հետազոտությունների արդյունքները (օտարերկրացի հետազոտողների կողմից մշակված գրավիտացիոն մոդել): Բանախոսը նշեց , որ իրենց խմբի կողմից ևս մշակվում են գրավիտացիոն բնույթի համապատասխան մոդելներ, որոնք, դեռևս ավարտուն չեն, կներկայացվեն ամփոփիչ սեմինարի ընթացքում:
Հաշվետվությունը եզրափակվեց խմբի ղեկավար Գրիգոր Նազարյանի ելույթով. վերջինս թեմայի շրջանակներում խոսեց համապատասխան ընթացակարգերի մասին՝ ներկայացնելով առևտրի ընթացակարգերի պարզեցման սկզբունքները, միջսահմանային առևտրի ընթացակարգերը և այլն:
Խմբի ղեկավարի կողմից անդրադարձ եղավ նաև Համաշխարհային առևտրի խթանման համաթվին (2014), «Համաշխարհային առևտրի խթանում-2014» զեկույցում ՀՀ դիրքին, 2007-2014 թթ. ընթացքում Հայաստանում LPI համաթվի փոփոխությանը: Մատնանշվեցին արտահանման խնդրահարույց գործոնները:
Զեկուցումների ավարտից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին