Կանանց և աղջիկներին նվիրված միամսյակի միջոցառումները շարունակվում են. ֆլեշմոբ ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1420

ՀՊՏՀ  կառավարման  ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  այսօր երկար  դասամիջոցին ուսանողները բակում  իրականացրեցին յուրատեսակ ֆլեշմոբ. մեր բուհի տաղանդավոր ջութակահարուհիները հանդես եկան գեղեցիկ   կատարումներով: Ուսանող ջութակահարները նվագում էին բակին հարակից տարբեր հատվածներում՝ մի քանիսը պատուհանի մոտ, մյուսները՝ բակում: Ինչպես նշեցին կազմակերպիչները, ֆլեշմոբը նվիրված էր  կանանց և աղջիկների միամսյակին և նպատակ ուներ յուրահատուկ ձևով շնորհավորելու մեր բուհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ֆլեշմոբին հետևում էին ինչպես ուսանողները, այնպես էլ բուհի աշխատակիցները, դասախոսները:

Կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Ժանետա Հովակիմյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ հետաքրքիր է նմանատիպ միջոցառումներին ներկա գտնվելը:  «Հաճելի է, երբ առիթ ենք ունենում փոքր-ինչ դասերից կտրվելու և մեր համալսարանի բակում նման գեղեցիկ  միջոցառման մասնակցելու: Այս տեսակ միջոցառումները շատ հետաքրքիր են հատկապես մեզ՝ 1-ին կուրսեցիներիս համար, քանի որ դրանք մեր ուսանողական կյանքը հագեցած և գեղեցիկ են դարձնում: Ուրախ ենք, որ ՀՊՏՀ-ում նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են տարբեր առիթներով՝ հաճախակի»,-նշեց ուսանողուհին:

Ֆլեշմոբի ավարտին կառավարման ֆակուլտետի լսարաններից մեկի պատուհանից ուսանողները կապույտ և արևաշող երկինք  բաց թողեցին «Շնորհավոր մարտի 8» մակագրությամբ կարմիր փուչիկներ:

Դասամիջոցն ավարտվեց, զանգը հնչեց, ու բոլորը շտապեցին դասի՝ բարձր տրամադրություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին