Տեղի ունեցավ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը
Այսօր տեղի ունեցավ Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը՝ աշխատանքային արդյունքների ներկայացմանն ուղղված օրակարգային հարցերի ընդգրկմամբ:
Նիստի մասնակիցներին ողջունելուց հետո ՀՊՏՀ ռեկտոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհրդատվական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը ներկայացրեց կենտրոնի նորանշանակ տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանին՝ նիստի մասնակիցների անունից շնորհավորելով և արդյունավետ աշխատանք մաղթելով:
Այնուհետև կենտրոնի հետազոտությունների ծրագրերում ընդգրկված հետազոտական ուղղությունների ղեկավարները ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, անդրադարձան ակնկալվող արդյունքներին: Ներքին դրամաշնորհներով իրականացվող հետազոտական թեմաների ղեկավարները ներկայացրեցին հետազոտությունների նախնական արդյունքները: Կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը նշեց, որ նախատեսվում է սեմինարների շարք կազմակերպել բոլոր այն ուղղություններով և թեմաներով, որոնց վերաբերյալ արդեն իսկ հետազոտող խմբերն ունեն առարկայական արդյունքներ:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ կենտրոնում կատարվող հետազոտական ուղղությունների և թեմաների վերաբերյալ զեկուցումներ պետք է ընդգրկվեն նաև հոկտեմբերին սպասվող ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի օրակարգում: Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս: Ներկայացված զեկուցումներն ընդունվեցին ի գիտություն, իսկ քննարկված հարցերը՝ հաստատվեցին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին