Արդյունքների քննարկում և հետագա աշխատանքների հայեցակարգային շրջանակների հստակեցում. ամփոփվեց «Զարգացում» գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 882

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, ներհամալսարանական գիտական դրամաշնորհների և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի բյուջետային ֆինանսավորմամբ թեմաներում ներգրավված հետազոտողների մասնակցությամբ հուլիսի 6-ին Աղվերանում մեկնարկած «Զարգացում» ներհամալսարանական գիտաժողովը հուլիսի 8-ին եզրափակվել է:

Գիտաժողովի արդյունքների մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ, ով նշեց. «Ըստ էության, գիտաժողովը հնարավորություն ընձեռեց մի կողմից քննարկելու արդեն ստացված որոշ միջանկյալ արդյունքները, մյուս կողմից էլ նախանշեց հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների շրջանակներում կատարվելիք հետագա աշխատանքների հայեցակարգային մոտեցումները»: Պրոռեկտորի խոսքով՝ գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շուրջ 3 տասնյակ զեկուցումներ՝ Ամբերդ» հետազոտական կենտրոնի, ներհամալսարանական գիտական դրամաշնորհների և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի բյուջետային ֆինանսավորմամբ թեմաներում ներգրավված հետազոտողների կողմից: «Զեկուցումներից յուրաքանչյուրն առանձնացավ ինքնատիպությամբ, գիտական հիմնախնդրի դրվածքով և դրանց լուծմանն առնչվող մոտեցումներով»,- ասաց Գագիկ Վարդանյանը:

«Տեխնոլոգիական զարգացում, թվային տնտեսություն» հետազոտական ուղղության գիտական ղեկավար, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ կարևորեց գիտաժողովում առկա կառուցողականության մթնոլորտը, ապա ավելացրեց, որ ներկայացված զեկույցները շատ ավելի լավ տպավորություն ստեղծեցին, քան կարելի էր սպասել՝ հաշվի առնելով, որ բուհում հետազոտական աշխատանքների զարգացման ուղղությամբ սա առաջին խոշոր քայլն էր: «Բայց առաջինը լինելով՝ ակնհայտ էր խմբերի կատարած աշխատանքը, և սա, անշուշտ, կնպաստի աշխատանքների հետագա առաջընթացին, աշխատանքների որակը կբարձրա և գիտական արդյունք կունենանք բուհական միջավայրում, ինչը շատ կարևոր է»,- նշեց Վարդան Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ գիտաժողովի ընթացքում նաև հետազոտական խմբերի միջև հետագա համագործակցության հիմք դրվեց: «Այս միջխմբային համագործակցությունն ավելի մեծ արդյունք կտա»,- նկատեց նա:

Զրուցեցինք նաև «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանի հետ, ով գիտաժողովի ընթացքում հանդես եկավ երկու զեկույցով: «Նման ձևաչափով ներհամալսարանական գիտաժողովի անցկացումը, միանշանակ, մեծ քայլ կարելի է համարել բուհի ինտելեկտուալ ներուժի և կարողությունների բացահայտման ու համախմբման գործում: Հուսով եմ, որ այս գիտաժողովի արդյունքների վերջնական ամփոփումից հետո բուհում հետազոտական աշխատանքները նոր լիցքեր կստանան և կծառայեն մեր բուհի ու երկրի զարգացմանը: Հենց այդ նպատակն է, ի դեպ, հետապնդում նաև բուհում նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը:

Նշեմ, որ, ընդհանուր առմամբ՝ դրական գնահատելով գիտաժողովում ներկայացված զեկույցները՝ հուսով եմ, որ դրանցից շատերը տարեվերջին՝ ավարտուն աշխատանքի տեսք ստանալուց հետո, առավել առարկայորեն կուրվագծեն ակնկալվող արդյունքները»:

Մեր խնդրանքով անդրադառնալով կոնկրետ իր ղեկավարած Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրին, ծրագրի տնօրենը նշեց. «Ազգային անվտանգության ապահովման ոլորտը ընդգրկում է բազմաթիվ հիմնախնդիրների շրջանակ, սակայն հաշվի առնելով մեր այսօրվա ներուժը՝ մենք մեր հետազոտություններն իրականացնում ենք տնտեսական, ֆինանսական, էներգետիկ, բնապահպանական և հոգևոր-բարոյական անվտանգության ուղղություններով: Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն վստահ եմ, որ ապագայում այս ծրագրի շրջանակներում կատարվող հետազոտությունների արդյունքները առավել տեսանելի կլինեն և կարդարացնեն բուհի ղեկավարության սպասելիքները: Կա արհեստավարժ, իրենց գործին տիրապետող մասնագետների խումբ, ուստի ես լավատեսորեն եմ տրամադրված»:

«Մակրոտնտեսական վերլուծություն, մոդելավորում և կանխատեսում» հետազոտական ուղղության գիտական ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն իր խոսքում ընդգծեց, որ գիտաժողովն անցել է պատշաճ մակարդակում, հատկապես հաշվի առնելով, որ դա նման ձևաչափի գիտական միջոցառում կազմակերպելու առաջին փորձն էր: «Հիմնական արդյունքներից էր նա, որ մենք ոչ միայն մեր խմբերի աշխատանքները ներկայացրեցինք, այլև ծանոթացանք մյուս հետազոտական խմբերի աշխատանքներին, տեսանք այն եզրերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցել: Սա էապես կբարձրացնի կատարվող աշխատանքների որակը, ինչը կարելի է համարել գիտաժողովի հիմնական արդյունքը: Բացի դրանից, կարծում եմ, գիտաժողովը հնարավորություն տվեց հստակեցնել անելիքները և սպասվող արդյունքները»,- նշեց Աշոտ Թավադյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին