ՀՊՏՀ շրջանավարտներին նվիրված տոնական օրը շարունակվեց ֆակուլտետներում. նրանք ստացան դիպլոմներ (լուսանկարներ)
Այսօր ժամը 11.00-ին ՀՊՏՀ-ում սկիզբ առած շրջանավարտներին նվիրված տոնական հանդիսությունը շարունակվեց ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում: Առկա ուսուցմամբ բակալավրիատի շրջանավարտներին հանձնվեցին մասնագետի որակավորումը հավաստող ավարտական վկայականներ` դիպլոմներ: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում հավաքված շրջանավարտներին ողջունեցին և կանաչ ճանապարհ մաղթեցին ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Էսմա Դալլաքյանը:
«Այս օրը ձեզանից յուրաքանչյուրի համար պատմական է, քանի որ այն շրջադարձային է լինելու ձեր կյանքում: Այստեղ, ձեր հարազատ ֆակուլտետի պատերի ներքո ստանալու եք դիպլոմներ և հարթելու եք ձեր աշխատանքային ուղին: Ցանկանում եմ, որ բոլորդ հաջողություններ ունենաք և պատվով ներկայացնեք մեր բուհը ամենուր: Որտեղ էլ որ լինեք, եղե’ք պատվախնդիր, և երբեք չխզեք կապը հարազատ ֆակուլտետի հետ»,- շնորհավորելով շրջանավարտներին` ասաց Աշոտ Մաթևոսյանը:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում շրջանավարտներին շնորհավորելով` դեկան Թաթուլ Մկրտչյանը մաղթեց, որ դիպլոմները դառնան առաջխաղացումների, հաջողությունների գրավական և կարևոր դեր ունենան նրանց կյանքում: Շրջանավարտներին շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին նաև ամբիոնների վարիչները: Այնուհետև, ըստ մասնագիտությունների, հանձնվեցին դիպլոմները:
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում հավաքվեցին կառավարման ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտները: «Վերջապես եկավ այն բաղձալի պահը, երբ դուք ստանալու եք ձեր դիպլոմները: Թող որ դրանք դառնան նոր կյանքի ու առաջընթացի ուղենիշ»,-շնորհավորելով շրջանավարտներին`միջոցառման սկիզբն ազդարարեց ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը: Վերջինիս խոսքով` այսուհետ բուհն ավարտողների առջև ինքնահաստատվելու, կայանալու, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ու նորանոր բարձունքներ նվաճելու նոր հնարավորություն է բացվում: Շրջանավարտներին շնորհավորեցին, հաջողություններ ու կանաչ ճանապարհ մաղթեցին դեկանի տեղակալներ Մերի Բադալյանն ու Վարդան Վլասյանը:
«Դուք այսօր ստանում եք բակալավրի աստիճանը հավաստող դիպլոմներ, որոնք ձեզ հնարավորություն, ուժ և ապագայի հանդեպ վստահություն կտան: Դուք կկարողանաք իրացնել ձեր մասնագիտական գիտելիքները և գրանցել աշխատանքային առաջընթաց»,- շրջանավարտներին դիմեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արսեն Պետրոսյանը: Շրջանավարտներին բարի ճանապարհ մաղթեցին ամբիոնի վարիչներ Հովսեփ Աղաջանյանը, Իշխան Տիգրանյանը և դոցենտ Ռազմիկ Պետրոսյանը: Ֆինանսական ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտներին շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին դեկան Սերգեյ Սուքիասյանը, ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Սալնազարյանը:
«Ձեզ հետ միասին երկար ճանապարհ ենք անցել: Այստեղ, այս պատերի ներքո մասնագիտական գիտելիքներից զատ, ձեռք եք բերել շատ ուրիշ արժեքներ. սովորել եք օգնել ընկերոջը, դժվարին պահին եղել եք միմյանց կողքի: Ուզում եմ, որ միշտ հիշեք` ՀՊՏՀ-ի ուսանող եք և ուր էլ որ գնաք միշտ բարձր պահեք հարազատ բուհի պատիվը: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ, եղեք միշտ արդար ու անաչառ, բարի ու ազնիվ»,- շրջանավարտներին ասաց ֆակուլտետի դեկանը: «Այս տարիների ընթացքում դուք մեզ համար դարձաք հարազատ զավակի նման սիրելի:
Ուզում եմ, որ այս տոնը միշտ ձեզ հետ լինի ու ընդմիշտ դրոշմվի ձեր սրտերում ու հոգիներում»,-շնորհավորելովուսանողներին՝ ասաց Աշոտ Սալնազարյանը: Զեյթուն թաղամասում տեղեկայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողների համար այս օրը ևս դարձել է հիշարժան ու անմոռանալի: Նրանք մյուս ֆակուլտետների ուսանողների հետ հավաքվել են կենտրոնական մասնաշենքի բակում, լսել իրենց ուղղված շնորհավորանքի ջերմ խոսքեր, ապա դիպլոմները ստացել կառավարման ֆակուլտետում: Շրջանավարտներին շնորհավորել և դիպլոմներ են հանձնել դեկան Զաքար Կիրակոսյանը և դեկանի տեղակալ Մանուկ Մովսիսյանը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Զաքար Կիրակոսյանը: Վերջինս նշեց նաև, որ ֆակուլտետի շրջանավարտների անունից երախտագիտության ու շնորհակալության ջերմ խոսքեր է ասել վիճակագրություն մասնագիտության բակալավր Աստղիկ Հովհաննիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին