Ավարտական առաջին հանդիսությունը` ՀՊՏՀ նորակառույց բակում. շնորհավորանքներ համալսարանի շրջանավարտներին (լուսանկարներ)
Այսօր ՀՊՏՀ հարմարավետ ու գեղեցիկ բակը մի նոր շուք ու հմայք է ստացել: Բուհը ճանապարհում է իր շրջանավարտներին, նրանց, ովքեր չորս կամ վեց տարի սովորել են, մասնագիտացել, տարեցտարի աստիճանաբար ուրվագծել իրենց աշխատանքային հեռանկարները, ովքեր բուհական միջավայրում ձեռք են բերել մարդկային բարձր որակներ: Համալսարանի ղեկավարությունն ամեն ջանք գործադրել է` կազմակերպելու տոնական այնպիսի հանդիսություն, որպեսզի իր սաները համալսարանից հեռանան անջնջելի հիշողություններով, պատգամներով ու խորհուրդ-հորդորներով հարստացած:
Տոնական հանդիսությանը, որը մեկնարկեց ժամը 11.00-ին, ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Արման Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՊՏՀ խորհրդի անդամ Կարեն Ճշմարիտյանը, ՀՊՏՀ խորհրդի անդամ Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը: Խորհրդանշական է, որ բոլոր հյուրերը (բացի Արման Սահակյանից) ՀՊՏՀ շրջանավարտներ են:
Մինչ հանդիսության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, ռեկտոր Կորյուն Աթոյանի և բարձրաստիճան հյուրերի ուղեկցությամբ, շրջայց կատարեց «Տեմպուս» միջազգային ծրագրերի իրականացման նպատակով բուհում ստեղծված նորակառույց կենտրոնում, ՀՊՏՀ նորակառույց ու բուհի տարբերանշաններով տոնականորեն զարդարված բակում:
Ողջունելով ներկաներին հիշարժան օրվա առթիվ` ՀՊՏՀ խորհրդի նախագահը, իր խոսքն ուղղելով շրջանավարտներին և կարևորելով բարձրագույն կրթությունը ներկա զարգացումների համատեքստում` մասնավորապես ասաց.
«Անցնող տարիներին համալսարանի ղեկավարությունը
կրթության որակի բարձրացմանը միտված կարևոր ծրագրեր է իրականացրել, որոշակի քայլեր են ձեռնարկվել նաև համալսարանի միջավայրի բարելավման և այն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Բուհի քաղաքականությունը ուսանողակենտրոն է, կատարված քայլերը, որոնք շարունակական են լինելու, միտված են ուսանողների պահանջների բավարարմանը: Մենք միշտ եղել ենք ձեր կողքին, խրախուսել բուհի դրական նախաձեռնությունները: Սիրելի շրջանավարտներ, վստահ եմ, որ այս օրը անմոռանալի է լինելու ձեզ համար, հետագայում դուք հաճախ եք հիշելու ձեր հարազատ բուհը, ուսումնառության տարիները, բազմաթիվ առիթներ եք ունենալու ուսման այս տարիները արժևորելու համար: Մենք ձեզ մեծ կյանք ենք ճանապարհում լավագույն բարեմաղթանքներով` համոզված լինելով, որ դուք այստեղից դուրս եք գալու արժանապատիվ կյանք կերտելու հմտություններով և գիտակցությամբ»:
ՀՊՏՀ խորհրդի նախագահը շրջանավարտներին հաջողություն ցանկացավ բոլոր նախաձեռնություններում. առաջընթաց` աշխատանքում, ձեռքբերումներ` անձնական կյանքում և ավելացրեց, որ հպարտանալու առիթ կդառնա այն, որ շրջանավարտներն իրենց մասնագիտական ունակություններն ու հմտությունները ծառայեցնեն հայրենի երկրի տնտեսության զարգացմանը:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ այսօր ավարտական վկայականներ ստացողները լինեն այն բարձր գիտակցության կրողը, որ ավարտում են տնտեսագետ կադրեր պատրաստող հայաստանյան ամենահեղինակավոր բուհը և պատրաստ լինեն բարձր պահելու հարազատ համալսարանի պատիվը:
«Բոլորիս քաջ հայտնի է, որ մեր շրջանավարտներն այսօր հաղթական գործունեություն են ծավալում հանրապետության ղեկավարման տարբեր ատյաններում, տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում: Ցանկալի է, որ աշխատանքային առաջընթացն ուղեկցի նաև մեր այսօրվա շրջանավարտներին, որ նրանք կարողանան գտնել իրենց արժանի տեղը, իրականացնեն իրենց ծրագրերը»,- շրջանավարտներին իր մաղթանքը հղեց ռեկտորը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, ՀՊՏՀ շրջանավարտների միության անունից շնորհավորելով շրջանավարտներին, հորդորեց առանց վհատվելու ու հետևողականորեն փնտրել ու գտնել այն տեղը, որտեղ կարող են կիրառել իրենց կարողությունները և մաղթեց` աշխատանքում լինել արդար ու ստեղծագործ:
Պաշտոնական հանդիսությունից հետո ՀՊՏՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը շարունակվեց ֆակուլտետներում, որտեղ շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և բարեմաղթանքներ հղեցին դեկաններն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները:
Հիշեցնենք, որ երեկոյան ժամը 19.00-ին ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի 2012-2013 ուսումնական տարվա բոլոր շրջանավարտների համար ՀՊՏՀ բակում կկազմակերպվի տոնական համերգ` հայտնի արտիստների կատարմամբ:
Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ առկա բակալավրիատն այս տարի ավարտում է 1255 հոգի, առկա մագիստրատուրան`595:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին