Շախմատի միջֆակուլտետային մրցաշարում հաղթեց հաշվապահական հաշվառման և աուդիտի հավաքականը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1062

ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի ճեմասրահում այսօր մեկնարկեց «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող շախմատի միջֆակուլտետային մրցաշարը: Մինչ շախմատիստ ուսանողները կզբաղեցնեին իրենց տեղը խաղատախտակների առաջ, մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց միջֆակուլտետային մարզական առաջնությունների գլխավոր մրցավար, ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը: Շախմատի առաջնության մրցավար, ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Լյուդմիլա Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց մրցաշարի կանոնները և հորդորեց չխախտել դրանք:

Ժամը 13.00-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների հավաքականները սկսեցին խաղը: Այն դիտելու եկավ և իր ներկայությամբ մասնակիցներին քաջալերեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Նշենք, որ հետաքրքրական և ուշագրավ շախմատային պարտիաներով մրցաշարի հենց սկզբից աչքի ընկան հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները: Պատահական չէ, որ, նրանք, հաղթելով ֆինանսական, կառավարման, տնտեսության կարգավորման և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետներին և ոչ ոքի խաղալով մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հետ, 9 միավորով զբաղեցրեցին առաջին հորիզոնականը և նվաճեցին հաղթողի կոչումը: Դեպի հաղթանակ վստահորեն քայլեցին` 1-ին տախտակի մոտ խաղացող Հովհաննես Արզումանյանը (աուդիտ մասնագիտացման մագիստրատուրա, 1-ին կուրս), 2-րդ տախտակի մոտ` Մինաս Մաղաքյանը (հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի, 3-րդ կուրս), Մինաս Կապուկչյանը (հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի, 1-ին կուրս), Անի Բաղոյանը (հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի, 4-րդ կուրս):
«Արժանին եմ մատուցում հաղթող ֆակուլտետի ոչ միայն շախմատիստներին, այլև դեկանին, ով մրցաշարի սկզբից մինչև ավարտն իր թիմի կողքին էր, իր ներկայությամբ ոգևորում ու աջակցում էր ուսանողներին: Այս հանգամանքը, անկասկած, մեծ նշանակություն ունեցավ հաղթանակների հասնելու գործում»,-շնորհավորելով հաղթողներին և ֆակուլտետի դեկանին` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Լևոն Սամվելյանը:

Մրցաշարի ավարտից հետո հաղթող թիմին սպասվում էր հաճելի անակնկալ: Նրանք հնարավորություն ունեցան իրենց ուժերի չափելու բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթող, գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի հետ: Միաժամանակյա շախմատային սեանսի ընթացքում թեև մեր ՀՊՏՀ շախմատիստները պարտվեցին, այնուհանդերձ մղեցին համառ ու անզիջում պայքար:
« Ինձ թվում էր արհեստավարժ շախմատիստների հետ եմ խաղում: Հիացած եմ հատկապես 1-ին տախտակի մոտ խաղացող Հովհաննես Արզումանյանի և 4-րդ տախտակի մոտ խաղացող Անի Բաղոյանի խաղով: Նրանք հիացրեցին ինձ»,-խաղի ավարտից հետո մեզ հետ զրույցում ասաց գրոստմայստերը:
Հաղթողներին շնորհավորեց և գերազանց խաղի համար շնորհակալություն հայտնեց նաև ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը` նրանց նվիրելով գրքեր: Նշենք նաև, որ 2-րդ հորիզոնականը զբաղեցրին ինֆորմատիկայի և վիճակագրության, 3-րդը` մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների թիմերը:
Տեղեկացնենք, որ «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակում վաղը, ժամը 14.00-ին կմեկնարկի սեղանի թենիսի մրցաշարը:

    
       
          
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին