Ճանաչված PR մասնագետ Կարեն Քոչարյանը ՀՊՏՀ-ում «Բաց դաս» վարեց (լուսանկարներ)
25.10.2012
Դիտումների քանակ՝ 945
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Նարեկ Ղուկասյանի նախաձեռնությամբ երեկ ՀՊՏՀ նիստերի սրահում անցկացվեց PR-ի դերին ու նշանակությանը նվիրված «Բաց դաս», որը վարեց հանրապետությունում ճանաչված PR մասնագետ, քաղաքական տեխնոլոգ, PR-ով զբաղվող «PArt» կազմակերպության հիմնադիր տնօրեն Կարեն Քոչարյանը: «Բաց դաս»-ի մասնակիցները` ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոսները, «Մարքեթինգային հաղորդակցություններ» և «Մարքեթինգային հետազոտություններ» մասնագիտություններով ուսանող 1-ին և 2-րդ կուրսի մագիստրանտները հնարավորություն ունեցան PR ոլորտի փորձառու մասնագետին հղելու իրենց հարցերը, լսելու նրա դիտարկումներն ու տեսակետները:
Կարեն Քոչարյանը կարևորելով PR-ի դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` նշեց, որ այսօր Հայաստանում հիմնականում գրագետ PR է իրականացվում և դրա վառ ապացույցը համարեց VIVA cell-ի օրինակը: Բանախոսի դիտարկմամբ` PR իրականացնելիս հաճախ, ճիշտ ասված, դիպուկ ու կարճ կարգախոսը, վճռորոշ դեր է խաղում և ապահովում հաջողություն: «Ընդհանրապես, ցանկացած PR գործիք, եթե գրագետ է օգտագործվում, դառնում է ազդեցիկ ու արդյունավետ»,- ասաց բանախոսը:
Կարեն Քոչարյանը խոսեց նաև «սև» և «սպիտակ» PR-ների մասին`նշելով, որ երկուսն էլ հավասարաչափ ընդունելի են և կիրառվում են թե’ քաղաքական, թե’ բիզնես ոլորտներում, ապա անդրադարձավ PR-ի արդյունավետ իրականացման գործում զանգվածային լրատվամիջոցների, հեռուստատեսության ու համացանցի դերին, PR-ի իրականացման ժամանակակից գործիքներին:
«Բաց դաս»-ն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:
«Բաց դաս»-ն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին