Արժութային ճգնաժամերը, կրթաթոշակ, աշխատատեղ ԿԲ–ում. ՀՀ ԿԲ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1464

Բուհ-ուսանող-գործատու համագործակցության ամրապնդման նպատակով ՀՊՏՀ և ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ: 
«Դուք գիտեք, որ այսօր մեր բուհը համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր է ստորագրել Հայաստանի պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ: Մեզ համար առավել կարևոր է համագործակցել այնպիսի կազմակերպության հետ, ինչպիսին Կենտրոնական բանկն է` Հայաստանի ամենակայացած և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը: Մեր համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ նոր չի սկսվում, սակայն մենք ուզում ենք, որ այն ավելի ընդլայնվի և ընդգրկի նոր ձևաչափեր»,-բացելով հանդիպումը՝ ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ներկայացրեց հյուրերին` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին, անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանին, անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Արմինե Թովմասյանին, տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանին, դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանին:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, կարևորելով նման հանդիպումները, շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտորին` ուսանողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: Նրա խոսքով` Կենտրոնական բանկը մշտապես հետաքրքրված է հետազոտական, վերլուծական միտք ունեցող, պրպտող երիտասարդների հայտնաբերմամբ և վերջիններիս խրախուսմամբ: Այդ նպատակով արդեն 7 տարի է, ինչ ԿԲ-ն հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ և հաղթողներին արժանացնում կրթաթոշակի: «Ցավոք, արդեն 2-3 տարի է, ինչ նվազել է ուսանողների մասնակցությունն այս մրցույթին»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը` հույս հայտնելով, որ այս հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին առնչվող շատ հարցերի և ավելի ակտիվ մասնակցություն կունենան: 
Կենտրոնական բանկի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակին արժանանալու համար մրցույթի պահանջները ներկայացրեց անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը և համառոտ ներկայացրեց վերլուծական, հետազոտական աշխատանք գրելու ձևերը, ինչպես նաև կենտրոնական բանկում աշխատատեղ համալրելու ուղիները: Անձնակազմի կառավարման վարչության պետը տեղեկացրեց նաև, որ Իսահակ Իսահակյանը եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, այսօր էլ իրենց կողքին է. նա Կենտրոնական բանկում աշխատում է որպես խորհրդական և իր արժեքավոր խորհուրդներով մշտապես օգնում ու աջակցում է ԿԲ աշխատակիցներին: Սիրելի ուսանողներ, Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մասին հայտարարությունը հրապարակվել է նաև մեր կայքում, որին ևս մեկ անգամ կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝http://www.asue.am/am/էջեր-220//հհ-կենտրոնական-բանկը-հայտարարում-է-մրցույթ-իսահակ-իսահակյանի-անվան-կրթաթոշակ-նշանակելու-համար-498։
Այնուհետև, որպես գիտական հետազոտական աշխատանքի լավագույն օրինակ, դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը հանդես եկավ «Արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը ՀՀ–ում» թեմայով զեկուցմամբ՝ ծավալուն ներկայացնելով ՀՀ-ում արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը:
Տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը ուսանողներին տեղեկացրեց, որ ԿԲ-ն իրականացնում է «Միկրոտվյալների շտեմարանի հարցումներ» ծրագիրը, որի նպատակն այլընտրանքային եղանակով տեղեկատվության ստացումն է: Նրա խոսքով` այս աշխատանքներում, որպես հարցազրուցավարներ, կարող են ներգրավվել բուհերի շրջանավարտները, որոնք կկատարեն այցելություններ մարզերի բիզնես միավորներ, տնային և գյուղացիական տնտեսություններ և կհավաքագրեն տվյալներ: Աշոտ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց հարցազրուցավարներին ներկայացվող պահանջները և վարձատրության չափը: Այս աշխատանքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հասեցով՝ http://www.cba.am/am/SitePages/accvacancies.aspx#http://www.cba.am/am/SitePages/accvacancies.aspx#վ։


      
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին