ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ամառային թեժ քննաշրջանը պատվով է հաղթահարել. աշխատանքները շարունակվում են

Դիտումների քանակ՝ 917

Հետևում են  մնացել ՀՊՏՀ առկա բակալավրիատի ընդունելության քննությունների լարված օրերը: Ամառային թեժ քննաշրջանը պատվով է հաղթահարել նաև ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատախանատու քարտուղար Միքայել Թավադյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, խոսելով կատարված ծավալուն աշխատանքների մասին, նշեց, որ գրեթե երեք ամիս աշխատել են դիմորդների հետ, օգնել լրացնելու դիմում հայտերը, իրականացրել դիմորդների փաստաթղթերի ստուգում, ընդունում,  նաև տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի աշխատանքային խումբն աշխատել և շարունակում է աշխատանքը գործող կանոնակարգի համաձայն և գնահատման ու թեստավորման կենտրոնի առօրյա ցուցումներով: Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի խոսքով` ընդունող հանձնաժողովը մատուցում է որակյալ ծառայություն, և որի շնորհիվ մինչ օրս ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Ծանրաբեռնված օրերին, հատկապես մայիսի վերջին և հունիս-հուլիս ամիսներին,  ընդունող հանձնաժողովը աշխատել է նաև հանգստյան և տոն օրերին:

Միքայել Թավադյանն, անդրադառնալով առկա բակալավրիատի ընդունելության քննություններին, տեղեկացրեց, որ այս տարի դիմորդների պակաս չի զգացվել: Բուհ է  դիմել 2477 դիմորդ, որից ընդունվել է 1263-ը (92-ը` անվճար համակարգ, 1166-ը` վճարովի, որից 300-ը ՀՀ ԿԳ նախարարության տրամադրված լրացուցիչ տեղերն են): 92 անվճար ընդունվածներից 72-ը բուհին հատկացված տեղերն են, 10-ը` ընդունելության կանոնակարգի 105 և 106 կետերի արտոնություններով  ընդունվածները, իսկ 10-ը` ՀՀ Պաշտպանության նախարարության համար պատրաստվող նպատակային կադրերի տեղերն են: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը տեղեկացրեց նաև, որ  Արցախին հատկացված նպատակային տեղերի հաշվին ընդունվել է ևս 23  դիմորդ: Այսպիսով`Արցախում հաջողությամբ միասնական քննություններ հանձնած 23 դիմորդ ընդունվել է ՀՊՏՀ, նրանցից 2-ը  արտոնություններով է (զոհված ազատամարտիկի երեխաներ), 21 դիմորդից 8-ը, ըստ ունեցած միավորների, զբաղեցել է իրենց հատկացված անվճար տեղերը , 8-ը` վճարովի, 5 հոգու ուսման վարձը կփոխհատուցի ԼՂՀ կառավարությունը:

Խոսելով կատարված աշխատանքների մասին` Միքայել Թավադյանը տեղեկացրեց նաև, որ  ՀՊՏՀ-ում է անցկացվել «Ստեղծագործական աշխատանք» առարկայի կենտրոնացված քննությունը:  Ընդունող հանձնաժողովը պատշաճորեն է իրականացրել կազմակերպչական և սպասարկման բոլոր աշխատանքները: 

Միքայել Թավադյանը նշեց նաև, որ հաջողությամբ է կազմակերպվել  2012-2013 ուսումնական տարվա առկա անվճար մագիստրատուրայի դիմորդների ընդունելության գործընթացը: Դիմորդների փաստաթղթերը ընդունվել են հունիսի 1-7-ը և անցկացված մրցույթի արդյունքում հայտնի են դարձել ընդունվածների անունները: Ընդունող հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են: Մինչև օգոստոսի 26-ը կշարունակվեն առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերի  ընդունումը: Շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 29-31-ը: Մեկնարկել է նաև հեռակա ընդունելությունը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 10–ից հայտարարել է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն և սկսել դիմում հայտերի ընդունումը:

 Հիշեցնենք, որ ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դիմում հայտերի ընդունումը կավարտվի  սեպտեմբերի 20-ին:  Ընդունելության քննությունները կկազմակերպվեն 29-ին և 30-ին: Հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրման վերջնաժամկետն է  սեպտեմբերի 25-ը:  Շեմային քննությունները կկազմակերպվեն  սեպտեմբերի 26-ից 30-ը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին