Կայացավ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը
Այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի 2010-2012 թվականների աշխատանքային հաշվետվությունն էր, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը և
ընթացիկ այլ հարցեր: Նիստը նախագահում էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, մասնակցում էին ՀՊՏՀ դեկաններ, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանը, դասախոսներ, ուսանողներ, համալսարանի 6 ֆակուլտետների ուսանողական խորհուրդների անդամներից ընտրված 31 պատվիրակներ:
Հիշեցնենք, որ համաձայն կանոնադրության` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով:
Սևակ Խաչատրյանն իր հաշվետվությունում ներկայացրեց անցած երկու տարիներին ուսանողական խորհրդի կատարած աշխատանքը` ներառելով գործունեության ուղղությունները: Ուսանողական խորհրդի նախագահի հաշվետվությունը գնահատվեց բավարար:
Այնուհետև կայացավ ուսխորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ վերընտրվեց Սևակ Խաչատրյանը:
Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահը, օգտվելով ելույթի իրավունքից, հավաստիացրեց, որ ուսանողական խորհուրդը պատրաստ է նվաճումների հասնել երիտասարդական դաշտում և նոր ուսումնական տարվանից նոր շնչով ու նախաձեռնությամբ լծվել կառուցողական աշխատանքի: Նա մասնավորեցրեց, որ ուսխորհրդի առաջիկա աշնանային նիստին կդրվի ուսանողական խորհրդի կանոնադրության վերանայման հարցը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է Սևակ Խաչատրյանին և մաղթում նորանոր հաջողություններ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին