Ուսանողները ցանկանում են վերածնել հոտավետ թղթի մշակման հայկական ավանդույթը. Շնորհանդես ՀՊՏՀ–ում
Այսօր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում «Միջազգային մարքեթինգ» առարկայի հերթական սեմինար պարապմունքը վերածվեց նոր արտադրատեսակի շնորհանդեսի, որը կատարել և ներկայացնում էին կուրսի երեք ուսանողուհիներ Արշալույս Հայրապետյանը, Աննա Դադալյանը, Սոնա Մինասյանը:
Առաջ անցնելով նկատենք, որ ինչպես շնորհանդեսի ավարտին նշեց մարքեթինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը` «Միջազգային մարքեթինգ» առարկայի դասախոս, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ այս կուրսում արդեն երրորդ անգամն է, որ ուսանողները սեմինարի են ներկայանում ոչ միայն լուրջ հետազոտական աշխատանք կատարած, այլև արտադրական հումքի, տեխնոլոգիական գործընթացի ուսումնասիրությամբ, առաջարկությամբ, սեփական ապրանքանիշով ու փաթեթավորմամբ, և որ ամենակարևորն է` առաջադրված խնդիրներին մոտենում են ստեղծագործաբար:
Ուսանողուհիները, նպատակ ունենալով վերածնելու հոտավետ թղթի մշակման հայկական հնագույն ավանդույթները, ներկայացնում էին նոր արտադրություն` որպես հումք առաջարկելով խունկը (որը ստացվում է բթատերև պիստակենուց), հայկական բուժիչ մյուս խոտաբույսերը: Նրանց պատկերացմամբ` տեսականին կունենա նաև բուժիչ նշանակություն և կվաճառվի դեղատներում: Նոր ապրանքանիշը անվանվել էր Magic Flavor` «Բույրի մոգությունը»:
Արմեն Գրիգորյանը, գովեստի խոսք ուղղեց իր ուսանողներին և նշեց, որ այս մեթոդով աշխատելու պարագայում մեծանում է ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսում, բարձրանում է սեմինար պարապմունքների արդյունավետությունը և նախադրյալ է ստեղծվում վերջում հաջողված և հիմնավոր գործարար ծրագիր պատրաստելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին