ՀՊՏՀ և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են Պորտուգալիայում

Դիտումների քանակ՝ 2563

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կրտսեր հետազոտող Շուշան Մովսիսյանը մարտի 27-31-ը վերապատրաստվել են Պորտուգալիայի Պորտոյի համալսարանում:  Վերապատրաստմանը մասնակցել են ծրագրի գործընկեր շուրջ 35 համալսարանների վարչական աշխատակիցներ: Հյուրընկալող Պորտոյի համալսարանի ներկայացուցիչները հանդես են եկել զեկուցումներով՝ տարբեր ուղղություններով ներկայացնելով իրենց բուհի գործունեությունը (ուսումնական գործընթաց, գիտություն, շրջանավարտների հետ աշխատանք, հետազոտական,  միջազգայնացման գործընթացներ և այլն):

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վարդ Ղուկասյանը նշեց, որ «Էրազմուս+» ծրագրով վարչական աշխատակիցների վերապատրաստումը հիանալի հնարավորություն է մեր համալսարանի միջազգայնացման, միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու, վերապատրաստման համար անհրաժեշտ  ֆինանսավորում ստանալու  առումներով: «Տարբեր երկրների համալսարանների աշխատակիցների միջև ակտիվ քննարկումներ եղան հատկապես «Էրազմուս+»-ի շուրջ. յուրաքանչյուրը, միջազգայնացման համատեքստում, ներկայացրեց իր բուհի գործունեությունը, խոսվեց արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի մասին»,- ասաց նա:

Շուշան Մովսիսյանը տպավորված է հատկապես Պորտոյի համալսարանի հետազոտությունների աջակցության կենտրոնով, որը համակարգում է ամբողջ գիտահետազոտական գործունեությունը: Նրա փոխանցմամբ, համալսարանը շուրջ 50 հետազոտական կենտրոն ունի: ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կրտսեր հետազոտողի ուշադրությունը գրավել է նաև պորտուգալական համալսարանի «Գիտության և տեխնոլոգիաների պարկը», որն աջակցում է համալսարանի և շուկայի միջև գիտելիքի փոխանցմանը:

Մեր աշխատակիցները պատրաստ են հանդես գալու լավագույն փորձը ՀՊՏՀ-ում ներդնելու առաջարկություններով: Աշխատանքային այցը հարստացել է մշակութային երկխոսությամբ: Ներկայացվել են  ազգային խոհանոցների  ամենաբնութագրական ուտեստները (տես՝ նկարում):

Ի դեպ, այս  օրերին արտաքին կապերի բաժնի պետը մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերին է ներկայացրել  «Էրազմուս+»-ի մասին տեղեկություններ և կոչ արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

Լուսանկարները տրամադրել են մեր գործընկերները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին