Գործընկերների թիմը համալրվում է. ՀՊՏՀ ներկայացուցիչները շարունակում են այցելել դպրոցներ

Դիտումների քանակ՝ 2332

Դպրոցների հետ մեր համալսարանի փոխգործակցության շրջանակն ընդլայնվում է: ՀՊՏՀ ներկայացուցիչներն այսօր հերթական այցելությունն են  կատարել. ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Մերի Բադալյանը  եղել են Քանաքեռավանի միջնակարգ և Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում  և սկսվող գործակցությունն ամրագրել հուշագրերով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է Լուսինե Կարագուլյանի հետ, ով տեղեկություններ է հաղորդել այցելությունների, նոր համագործակցությամբ ուրվագծվող անելիքների մասին:

Այցելության առաջին կանգառը Քանաքեռավանի դպրոցն է եղել, որտեղ մեր դասախոսները հանդիպել են ավագ դասարանի աշակերտների հետ, մանրամասներ  ներկայացրել ՀՊՏՀ մասնագիտությունների, կրթական ծրագրերի վերաբերյալ:  Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջին:  Մերի Բադալյանը, ով նախորդ 3 տարիներին  ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է եղել, պարզաբանել է ընդունելության կարգը:

Դասախոսների ելույթներից հետո աշակերտները հետաքրքրվել են վարձավճարների չափով, գործող զեղչերով: Հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Գոհար Կարապետյանի աշխատասենյակում կնքվել է համագործակցության հուշագիր, ապա նախանշվել են առաջիկա միջոցառումները:

Զովունու միջնակարգ դպրոցում ՀՊՏՀ ներկայացուցիչները նախ շնորհավորել են երեկ վերընտրված տնօրեն Վարդան Ղազարյանին, այնուհետև կնքել հուշագիր և հանդիպել 9-12-րդ դասարանների աշակերտներին: Ուշագրավ է, որ համալսարանը ներկայացնելուց հետո, դասարանում ապագա դիմորդների մեծ մասը նշել է, որ ցանկություն ունի սովորելու  ՀՊՏՀ-ում (2-րդ լուսանկարում՝ ձեռք են բարձրացրել այն աշակերտները, ովքեր մեր բուհում սովորել են ցանկանում) : Աշակերտներին տրամադրվել են ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ:

Ի դեպ,  փետրվարի 19-ին,  Գիրք նվիրելու օրվա առիթով, դպրոցը նախատեսում է միջոցառում անցկացնել և Լուսինե Կարագուլյանի փոխանցմամբ՝ ՀՊՏՀ-ն այդ օրը գրքեր կնվիրաբերի դպրոցին:

Մերի Բադալյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ բանախոսության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել նոր մասնագիտացումների և դրանց ընդունելության կարգի վրա, ինչը հնարավորություն է տալիս 2 միասնական քննությամբ ընդունվելու բուհ՝ դպրոցից պահպանելով կա'մ հայոց լեզվի, կա'մ օտար լեզվի գնահատականը:

«Սա նորություն էր ուսանողներից շատերի համար և մեծ հետաքրքրություն առաջացրեց լսարանում: Աշակերտների ուշադրությունը գրավեց նաև ՀՊՏՀ քոլեջի մասին անդրադարձը. միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է շատերի համար: Ընդհանուր առմամբ, հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ հանդիպման ավարտից հետո էլ աշակերտները մոտեցել էին ինձ ու հարցեր էին հղում: Մենք խոստացանք առաիկայում աշակերտներին հյուրընկալել ՀՊՏՀ-ում և ծանոթացնել բուհին»,-ասաց Մերի Բադալյանը:

Դպրոցների համագործակցության ծրագիրը քննարկվել է նաև  ՀՊՏՀ-ում:

«Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր  Սևակ Խաչատրյանի հետ համաձայնեցվել է, որ առանձին դպրոցների կցվեն ՀՊՏՀ ներկայացուցիչներ, ովքեր  կհամակարգեն տվյալ դպրոցների հետ աշխատանքը»,-ասաց Լուսինե Կարագուլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին