Ուսանողությունն ինքը պետք է շահագրգռված լինի որակյալ կրթություն ստանալու հարցում. քննարկում ռեկտոր Կորյուն Աթոյանի մոտ
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին՝ խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ՝ քննարկելու ուսումնական գործընթացի վերաբերյալ ՈՒԽ-ին ավելի վաղ տրված հանձնարարության արդյունքները:
Ինչպես ներկայացրեց Սերգեյ Խառատյանը, Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները, ինչպես խոստացել էին ռեկտոր Կորյուն Աթոյանին, ուսումնասիրել են ուսումնական գործընթացում առկա ուսանողների համար խնդրահարույց հիմնախնդիրները և անցկացրել են հարցում՝ պարզելու ուսանողների մոտեցումները: Հարցումը, որի արդյունքները ներկայացվեցին, կատարվել է 1000 ուսանողի շրջանում և վերաբերում է կրթական գործընթացի ամենատարբեր ուղղություններին՝ մասնագիտական կրթական ծրագրերի որակ, առարկայական ծրագրերի հրապարակայնություն, քննական գործընթացի օբյեկտիվություն, քննական եղանակաների նախընտրություն և այլն:
Ծավալվեց աշխույժ քննարկում. համալսարանի ռեկտորը ուսանողների ուշադրությունը հրավիրեց խնդիրների լուծումը խոչընդոտող հանգամանքներին, ապա նաև խոստացավ ընթացք տալ դրանց լուծմանը՝ հանձնարարելով վեր հանված հարցերն ու առաջարկները գրավոր ներկայացնել: «Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Ես շատ եմ կարևորում, որ ուսանողությունն ինքը շահագրգիռ լինի որակյալ կրթություն ստանալու հարցում: Միևնույն ժամանակ կարևոր է, որ ուսանողներն իրենք մասնակցեն ուսումնական և կրթական գործընթացներում կատարվող փոփոխություններին, որպեսզի լավ պատկերացնեն, թե ինչ դժվարություններ կան»,- նշեց Կորյուն Աթոյանը:
Ուսանողներն առաջարկեցին նման հանդիպումները դարձնել շարունակական, ինչն արժանացավ ռեկտորի հավանությանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին