ԵԱՏՄ զարգացման հեռանկարով. ՀՊՏՀ-ն` «Եվրասիական շաբաթ»-ի երիտասարդական նստաշրջանի համակարգող (ֆոտոշարք)

Դիտումների քանակ՝ 1551

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական միջոցառումը, որի շրջանակում իրականացվեցին ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդես, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ:
Տարածաշրջանային տնտեսական միության ներկայացուցիչների քննարկումների կիզակետում համագործակցության սերտացման հարցեր էին: Այս համատեքստում առանցքային էր այսօր տեղի ունեցած «Մտագրոհ. ԵԱՏՄ ապագան երիտասարդության աչքերով» խորագրով կրթական նստաշրջանը, որի համակարգողը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էր, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը: Երիտասարդական նստաշրջանին մասնակցում էին ուսանողներ ՀՊՏՀ-ից, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղից, ԵԱՏՄ անդամ երկրներից: Ներկա էին եվրասիական ինտեգրման ոլորտի երիտասարդ փորձագետներ, ՀՊՏՀ-ից՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը, ասիստենտներ Կարմեն Գրիգորյանը, Աննա Փախլյանը, Ալբերտ Հայրապետյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը: Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները և մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ՝ տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը նույնպես մասնակցել են մտագրոհին:
Որպես փորձագետներ մեր բուհից հանդես էին գալիս Դիանա Գալոյանը, Դավիթ Հախվերդյանը, Արմեն Գրիգորյանը: Նստաշրջանի վարողներից Աղավնի Հակոբյանը բացման խոսքում նշեց, որ այս տնտեսական ֆորումը կարևոր է ԵԱՏՄ զարգացման միտումները նախանշելու և հատկապես երիտասարդների գաղափարներն ու առաջարկությունները կիրառելու առումով:
Մասնակիցներին ողջունեցին նստաշրջանի բանախոս-փորձագետները՝ Արդյունաբերական քաղաքականության, արտահանման և ենթակառուցվածքների հարցերով Ղըրզըզստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Կուբատբեկ Ռախիմովը, ԵՏԿ արձանագրային և կազմակերպական աջակցության ապահովման վերլուծական աջակցության բաժնի ղեկավար Վիկտոր Շախմատովը և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Եվրասիական և միջազգային հետազոտությունների կենտրոնի եվրասիական բաժնի կառավարիչ Կրիստոֆեր Կոֆները: Նրանք ելույթներում ընդգծեցին, որ ԵԱՏՄ-ն պետք է դիտարկվի որպես համախմբման ամուր հարթակ, որտեղ կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը, ինչպես նաև շեշտադրեցին երիտասարդների մեծ դերակատարումը միության ապագան կերտելու գործում: Բանախոսները ուսանողներին կոչ արեցին համարձակորեն բարձրաձայնել իրենց առաջարկություններն այն մասին, թե ինչպես են ուզում տեսնել զարգացած ԵԱՏՄ-ն, որի գործունեությունը օգուտ կբերի իրենց ընտանիքներին ու երեխաներին: Նստաշրջանի գործնական աշխատանք-մրցույթի պայմանները հետևյալն էին՝ ներկայացնել միության ապագայի հեռանկարը, նշել, թե ինչ ձևաչափում (զուտ տնտեսական, թե նաև քաղաքական, մշակութային) պետք է այն շարունակի իր գործունեությունը, ինչպես պետք է այն ընդլայնի իր աշխարհագրությունը:
Ելույթներից հետո մասնակիցները բաժանվեցին խմբերի և ղեկավարների միջոցով փորձեցին շոշափել ԵԱՏՄ զարգացման տեսլականը: Յուրաքանչյուր խմբից 1 անդամ մասնակիցներին ներկայացրեց իրենց թիմային աշխատանքը: Ընդհանուր առմամբ, ուսանողների ուրվագծած զարգացման միտումները տանում էին դեպի միության աշխարհագրական ընդլայնում, ինչպես նաև շարունակական զարգացում զուտ տնտեսական ձևաչափում: Երիտասարդների նախագծերից լավագույններն ընտրեց մրցատյանը՝ նկատի առնելով եզակիությունը, կիրառական նշանակությունը և բովանդակությունը:
Հաղթող ճանաչվեց 2 խումբ՝ ՀՊՏՀ և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի համատեղ թիմը և Հայ-ռուսական համալսարանի թիմը: Լավագույն նախագծերի ներկայացման համար նրանք պարգևատրվեցին հավաստագրերով:
«Երիտասարդությունը հասարակության ամենաակտիվ և դինամիկ հատվածն է, որն ավելի քիչ է ենթարկվում անցյալի կարծրատիպերին և ավելի լավ կկարողանա առանց նախապաշարմունքների ներկայացնել ԵԱՏՄ ինտեգրման իր տեսլականը: ՀՊՏՀ-ն Եվրասիական երիտասարդական ֆորումի հայկական կողմի կորրոդինատորն է, այդ միջոցառման համակարգումը հանձնարարված էր մեր ամբիոնին, ինչը մենք իրականացրեցինք մեծ սիրով և պատասխանատվությամբ՝ ներգրավելով այն ուսանողներին, որոնք ուսումնասիրում են միջազգային տնտեսական ինտեգրացիա առարկան»,- մեզ հետ զրույցում ասաց Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին