ՉԺՀ Հասարակական գիտությունների ակադեմիայի գիտնականները՝ «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 2056

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը երեկ հյուրընկալվեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Հանդիպումը կայացավ կենտրոնի ղեկավար կազմի և փորձագետների հետ:
Հյուրերին նախ ողջույնի խոսք ասաց կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը, ներկայացրեց «Ամբերդի» հետազոտական ուղղություններն ու թեմաները, ընդգծեց, որ կենտրոնը համագործակցում է ոչ միայն գիտահետազոտական հաստատությունների և արտերկրի ուղեղային կենտրոնների հետ, այլև Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների հետ, այլ կերպ ասած, լիարժեք գործունեություն է ծավալում դասական ուղեղային կենտրոնների ոճով և ձևաչափով:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց կենտրոնի գործունեության ձևաչափը, մանրամասնեց հետազոտական ուղղությունները, կարևորեց չինական գիտական կենտրոնների հետ համագործակցությունը հատկապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում: Արմեն Գրիգորյանը նաև ընդգծեց, որ կենտրոնը կարևորում է արտերկրի գործընկերների հետ համատեղ հետազոտությունների և գիտական հրապարակումների իրականացումը:
Կենտրոնի հրավիրյալ փորձագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանը հյուրերին ներկայացրեց իրենց հետաքրքրող Հայաստանի տնտեսական ցուցանիշները և տնտեսական քաղաքականությանը վերաբերող տվյալներ:
Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան իրենց այցի նպատակը, մասնավորապես, հայաստանյան գիտահետազոտական կառույցների հետ գործընկերային կապերի հաստատումն է, և հույս հայտնեցին, որ սույն հանդիպումը կդառնա հետագա համագործակցության զարգացման լավ առիթ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ակադեմիական հաջորդ տարում համագործակցության շրջանակներում մի շարք համատեղ քայլեր իրականացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մեր համալսարանի, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Չինաստանի գործընկեր հաստատությունների հետ համագործակցության հաստատման նախաձեռնությունը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանինն է: Մասնավորապես, 2016 թ. ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Շենսիի մանկավարժական համալսարանի հետ, իսկ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իր հերթին 2017 թ. հուշագիր է կնքել վերոնշյալ համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ: Իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Հայաստանում ՉԺՀ դեսպանության օժանդակությամբ մեր համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Չինաստանի լսարան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին