Բարի երթ ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին

Դիտումների քանակ՝ 1738

Որակավորումը՝ կառավարման մագիստրոս, մասնագիտացումը՝ գործարար վարչարարություն (MBA). ՈՒՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմները հնարավորություն կտան մասնագիտությամբ աշխատել ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում և Ամերիկայում, վստահեցնում են ծրագրի պատասխանատուները: 2017 թվականին ՀՊՏՀ-ում մեկնարկած մագիստրոսական ծրագիրը առաջին շրջանավարտներն ունի: 21 հոգուց բաղկացած մագիստրոսական խմբի թեզերի պաշտպանությունները հունիսի 14-ին էին՝ անգլերենով: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Հասմիկ Մանուկյանը, անդամները՝ շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի տնտեսակազմակերպման աշխատանքների գծով պրոռեկտոր Վալտեր Մարիովիչը, ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, նշված մագիստրոսական ծրագրի համակարգող Խորեն Մխիթարյանը:

«Թեզերի պաշտպանություններն սկսվեցին վաղ առավոտյան և շարունակվեցին մինչև աշխատանքային օրվա ավարտը, մագիստրոսները ներկայացրին բավականին խորը մասնագիտական վերլուծություններ, արժեքավոր եզրակացություններ և կիրառական առաջարկություններ: Նշեմ, որ շվեյցարական բուհի ներկայացուցիչ Վալտեր Մարիովիչը նկատեց, որ թեզերը ավելի համակողմանի են, քան պահանջվում է և խորհուրդ տվեց այսուհետ գիտահետազոտական աշխատանքները ավելի նեղ մասնագիտական վերլուծության ձևաչափում գրել: Ընդհանուր առմամբ, արդյունքը գոհացնող է, համեմատության համար նշենք, որ 21 մագիստրոսից 15 %-ն արժանացավ գերազանց, 55 %-ը՝ լավ, մնացածը բավարար գնահատականի»,-պաշտպանություններն ամփոփեց Խորեն Մխիթարյանը:

Ի դեպ, մագիստրանտների մի մասը 1 կիսամյակ սովորել է Ժնևում, ցանկացողները Շվեյցարիա կմեկնեն նաև դիպլոմները ստանալու: Ուսուցումն անգլերենով էր, դասավանդում էին արտերկրի բուհերից ժամանած դասախոսներ:

Համատեղ մագիստրոսական ծրագիրը հայտարարում է նոր ընդունելություն, մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Շնորհավորում ենք շրջանավարտներին, մասնագիտական ասպարեզում մաղթում մեծ ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին