ՀՊՏՀ 4 դասախոսներ երկշաբաթյա վերապատրաստում են անցել Ավստրիայում, Նիդեռլանդներում, Սլովակիայում և Ֆրանսիայում

Դիտումների քանակ՝ 2388

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին տեղի են ունեցել վերապատրաստումներ եվրոպական մի շարք համալսարաններում, որոնց ՀՊՏՀ-ից մասնակցել են ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Էդգար Աղաբեկյանը (Ավստրիա, Վիեննա), նույն ամբիոնի ասիստենտներ, տնտեսագիտության թեկնածուներ Սրբուհի Իսրայելյանը (Սլովակիա, Կոշիցե), Մարե Խաչատրյանը (Ֆրանսիա, Նիցցա), բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գայանե Հարությունյանը (Նիդեռլանդներ, Ամստերդամ):
Ինչպես հայտնում են մեր գործընկերները, կորպորատիվ ֆինանսների մագիստրոսական ծրագրի բարեփոխմանն ուղղված վերապատրաստումների ընթացքում դասախոսները վերամշակել են իրենց առարկաների ուսումնական պլանները և գրականության ցանկը՝ համագործակցելով եվրոպական համալսարանների համապատասխան ոլորտի լավագույն մասնագետների հետ: Համատեղ ջանքերի արդյունքում կազմվել են արդիականացված և նորագույն միջազգային զարգացումներին համահունչ ուսումնական պլաններ, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջների լիովին բավարարմանը:
Վերապատրաստումների շրջանակներում քննարկվել են մասնագիտական մի շարք հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր ուղիները:
Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017թ. հոկտեմբերից մինչև 2020 թ. հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է մեր համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ, և նախագծի պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին