Ամբիոնների զարգացումը մեր քաղաքականության ուղենիշներից է. ուսանողներին ներկայացվեց կառավարման ամբիոնի նորանշանակ ղեկավարը
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանն այսօր կառավարման ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց կառավարման ամբիոնի նորանշանակ ղեկավարին՝ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանին:
«Պարոն Մարդոյանը կիսում է կառավարման ամբիոնի զարգացման իմ մոտեցումները, գաղափարները, որոնք պետք է տարածվեն նաև մյուս ամբիոնների վրա, քանի որ ամբիոնների զարգացումը, աշխատանքների բարելավումը մեր քաղաքականության ուղենիշներից է: Ամբիոնների վարիչների դերը պետք է բարձրացվի, քանի որ նրանք ուսանողների հետ աշխատող անմիջական պատասխանատուներից են»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ ուսանողներին առաջարկելով այսուհետ ամբիոնի ղեկավարին դիմել իրենց հուզող հարցերով, առաջարկներով: Այնուհետև ուսանողները բուհի ղեկավարին հղեցին իրենց հուզող մի քանի հարց, որոնք վերաբերում էին դասախոսների ընտրության կարգին, ուսումնառության գործընթացին: «Մենք կրթության որակը բարելավելու համար պետք է վճռական քայլեր կատարենք և այս հարցում մեզ պետք է ուսանողների աջակցությունը: Ես ուզում եմ նշել, որ համալսարանի ղեկավարության և ուսանողության շահերը 100 տոկոսով համընկնում են, մեր բոլոր ծրագրերը միտված են կրթության որակի բարելավմանը, իսկ բարեփոխումների առաջին փուլում՝ բոլոր խայտառակ երևույթների վերացմանը: Մենք պատրաստվում ենք ներդնել մագիստրոսական կրթական նոր ծրագրեր, կայացնել ասպիրանտուրան, կատարել մի շարք փոփոխություններ, որոնք մեր աշխատանքային պարտականության մի մասն են»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
Այնուհետև ուսանողներին համագործակցային քննարկման հրավիրեց Աշոտ Մարդոյանը՝ նշելով, որ ամբիոնը բաց է ուսանողների առաջարկների համար, իր զարգացման ծրագրերում մեծապես կարևորելու է ուսանողների ձայնը և կարծիքը: «Մեր գլխավոր խնդիրն է ուսանողներին տալ գիտելիք, հմտություն, փորձ, այսինքն այնպիսի վերջնարդյունք, որով նրանք կկարողանան իրենց արժանի տեղը գտնել աշխատաշուկայում»,- ասաց ամբիոնի ղեկավարը՝ պատասխանելով ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ավարտական աշխատանքների ղեկավարների ընտրմանը, առարկայական ծրագրերի բարելավմանը, ամբիոնային նախաձեռնություններին ուսանողների մասնակցության հնարավորություններին:
Հանդիպման ավարտին Աշոտ Մարդոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց կառավարման ամբիոնի առաջին միջոցառման՝ բաց դասախոսության մասին, որը կկայանա ապրիլի 25-ին և ուսանողներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին