Նվիրատվություն ՀՊՏՀ բուժկետին. «Ֆլալեսս» կորպորացիայի հետ համագործակցությունը շարունակվում է

Դիտումների քանակ՝ 2894

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր հյուրընկալեց «Ֆլալեսս» կորպորացիայի (ԱՄՆ) նախագահ Ալեքսանդր Մարգարյանին, ներկա էին նաև ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Գագիկ Աղաջանյանը և տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի պետ Արմեն Ղազարյանը:

Հանդիպումը երկու կազմակերպությունների համագործակցության համատեքստում էր. այս անգամ «Ֆլալեսս» կորպորացիան ՀՊՏՀ բուժկետին նվիրել է գույք և դեղորայք: Ալեքսանդր Մարգարյանը ՀՊՏՀ ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծեց, որ պատրաստ է աջակցել ՀՊՏՀ ուսանողներին, ինչպես նաև աշխատակիցներին ուղղված տարատեսակ ծրագրերի իրականացմանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց Ալեքսանդր Մարգարյանին համագործակցության համար և նշեց, որ բուհի ղեկավարությունը ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին ուղղված մի շարք սոցիալական և այլ ծրագրեր ունի: «Շատ կարևոր են ոչ միայն սոցիալական, այլև աշխատակիցներին գնահատելու և արժևորելու ծրագրերը: Հատուկ կարևորություն ունեն նաև ուսանողներին ուղղված աջակցության քայլերը»,- նշեց Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կորպորացիայի նախագահը նշեց, որ ինքը շատ է կարևորում կրթության ոլորտը, և դա է պատճառը, որ պատրաստակամ է օգնել բուհին: «Ամենակարևորը որակյալ, արդիական կրթությունն է, և մենք ցանկանում ենք օգնել բուհին, ներդրումներ կատարել՝ ուղղված մեծ թվով ուսանողների: Իսկ բուժկետի նվիրատվության նպատակը մեկն է՝ ավելի ապահով և անվտանգ միջավայր ստեղծել համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար»,- ասաց նա:

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ղեկավարը նշեց, որ կորպորացիայի հետ համագործակցությունը երկու ուղղությամբ է՝ աջակցություն համալսարանին, որն ուղղված կլինի ավելի մեծ թվով շահառուների և աջակցություն ամբիոնին՝ էկոլոգիական կրթության որակը բարելավելու նպատակով: «Այս առումով ևս ունենք որոշ ծրագրեր»,- հավելեց Գագիկ Աղաջանյանը:

Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի պետ Արմեն Ղազարյանը մեզ հայտնեց, որ հաշվի առնելով սույն նվիրատվությունը՝ նախատեսվում է մոտ ժամանակներս գործարկել համալսարանի բուժկետը: Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:

ՀՊՏՀ-ի և «Ֆլալեսս» կորպորացիայի հետ համագործակցության մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին