ՉԺՀ դեսպանատան պատվիրակությունն այցելեց ՀՊՏՀ

Դիտումների քանակ՝ 1709

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պատվիրակությունը դեսպանության խորհրդական պարոն Չժոու Հունյուն գլխավորությամբ այսօր այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և հանդիպեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Դեսպանությունը մեր համալսարանի, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում բուհին նվիրեց համակարգիչներ:
Հանդիպմանը անդրադարձ եղավ ՀՊՏՀ և Չինաստանի համալսարանների հետ համագործակցության ընդլայման հնարավորություններին, մասնավորապես ուսանողների և դասախոսների փոխանակմանը, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմանը: Նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՊՏՀ ուսանողների համար հաջորդ ուսումնական տարում ՉԺՀ դեսպանության դիվանագետների կողմից անցկանցնել հայ-չինական բազմակողմ կապերին նվիրված դասախոսություններ:
Նշենք, որ մեր համալսարանի, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Չինաստանի գործընկեր հաստատությունների հետ համագործակցության հաստատման նախաձեռնությունը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանինն է:
Հիշեցնենք, որ մասնավորապես 2016 թ. ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Շենսիի մանկավարժական համալսարանի հետ, իսկ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իր հերթին 2017 թ. հուշագիր է կնքել վերոնշյալ համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ: Իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Հայաստանում ՉԺՀ դեսպանության օժանդակությամբ մեր համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Չինաստանի լսարան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին